‹‹Ով ինձ հետ հաց էր ուտում, Իմ դեմ դարձավ››

Տպել

‹‹Ով ինձ հետ հաց էր ուտում,
Իմ դեմ դարձավ››
‹‹Գործք Առաքելոց, ԺԳ,19››

Մահը
Որպես բուրավետ լոտոս
Հանգչում - հառնում է
Վաղու՜ց  տրորված ճանապարհներում.
Այնտեղ,
Ուր արևը հայտնություն է դառնում,
Եվ արթնությունը
Մեկնաբանվում է երկրի լռությամբ:

Մահը
Որպես  սահման անցանելի
Երկնքի զմռսված դարպասներին հասավ
Արևի մակույկով:

Գուշակներն անցնում են այսօր
Վաղու՜ց տրորված ճանապարհներով:    

***
Մեկը աղոթում է,
Եվ անցնում է ստվերը թռչունի
Գերեզմանաքարերի վրայով:

Մեկը շրջանցում է սեփական ստվերը,
Քանզի կյանքն ամբողջովին
Քաոս է` չգրված բառերի:
Բառերը պոկվում են
Իրերի էությունից,
Դառնում են նշան:


***
Իսկ որտե՞ղ է Դուռը`
Դեպի  Ոչ Մի Տեղ.

Մահը,
Որպես nelumbin nuciferum,
Հեռանում է դեպի սև հրեշտակների
Լռության ամրոցը.
Եվ ոտնահետքերը նրա`
Դեղին nelumbo,
Ծաղկում են
Խարխլված մայթի
Ու հողի
Սառնահամի միջև:

Ես սիրում եմ աշունը`
Ժամանակը բոլոր թաղումների,
Երբ միալար արտասվում է նոյեմբերը
Եվ ծեծում  գերեզմանաքարերը բոլոր…






***
‹‹Նրանք կարող են սիրել միայն մեռյալներին…››
Ա. Ս. Պուշկին,
‹‹Բորիս Գոդունով››:                                                                                                 

Լուսինը հանդարտ պատարագում է
Հոգեվարքը  ԲԱՌԻ.
Օ՜, մեռյալնե՜ր, 
Լսեք տոնայնությունը
Ապրողների սիլլաբիկ արյան.
(Հոգեվարքը շարունակվում է.
թափառական սկյութացու պես
երկու պոետներ
ցանցապարկից ազատեցին լուսնին,
նստեցին իշոտնուկին
ու երբ հասկացան, որ մեղավոր են
ԳԱՅԼ-ՊՈԵԶԻԱՅԻ առջև,
խոնարհվեցին ու հանեցին դիմակները
մահից առաջ):

Հ.Գ.
Եվ բարձրանում է սյունը բառի,
Եվ երգը` նրա մեջ:



***
Օրիոնն արթնացավ կանաչ երկնքում.
Եվ բառն իմ պրկվեց,
Որպես նյարդը դարի.

Բարձր լարման կախաղանները,
Պղպջակները նյութի,
Քվանտները
Հանդարտ լքում են
Արույրե պտուկը  արևի…

Ուժը` օրենք է,
Եվ օրենքը` մեղկ.
Ստվերները սև ագռավների
Հեռանում են դեպի
Թափառախումբը գնչուների,
Որ քարափի մոտ,
Կլոնացված մշուշի ոստայնում
Պատրաստվում է թռիչքի:

Պապանձված  օդի
Խոնավ պարանոցի
Արյունն են ծծում պլազմոդիումները,
Եվ մարդիկ,
Ցրված անհայտում,
Դատապարտված են
Կախաղանի ատոմային օղակին:

Լռության րոպե է
‹‹Սև քառակուսու›› առջև,
Հրաժեշտի պատարագ`
Շեղանկյուն գերեզմանախորշի մոտ,

Այնտեղ
Պոկվում է իսկական տողը,
Այնտեղ,
Խոնավությամբ է շնչում մահը…