>>> ԳԼԽԱՎՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ Կանաչուկը

Naira Hambardzumyan

Կանաչուկը

Էլ.փոստ Տպել PDF

Անտառը նրա համար մեծ էր, երկիրը` չափազանց մեծ, աշխարհը` անսահման: Նա ապրում էր անտառի հաստաբուն վայրի թթենու փոքրիկ մի խոռոչում. հարմար ու տաքուկ տեղավորվել էր և գոհ էր իր կյանքից: Ամեն առավոտ արթնանում էր, լվացվում, մարզվում, այս ու այն կողմ նայում, հարգանքով բարևում հարևաններին ու սկսում նախաճաշ փնտրել: Նա անտառի բնակիչներից ամենափոքրիկն էր, այդ պատճառով էլ սիրված էր բոլորից:
Միշտ աննկատ էր թշնամիների աչքից, միշտ անհոգ էր ու, քանի որ գարնանագույն էր նաև, բոլորը նրան Կանաչուկ էին կոչում: Այդ անունը նրան շատ էր սազում: Երբեմն հիշում էր մանկության օրերը, երբ ինքը հարսնյակ էր դեռ, և խոռոչում իր շարժվելու հնարավորությունները սահմանափակ էին:
Այդպես ապրեց այնքան ժամանակ, մինչև որ մի օր նրան նկատեց Կարմրափորիկը…
Այ թե համեղ նախաճաշ է, - անցավ Կարմրափորիկի մտքով, և սկսեց հետապնդել փոքրիկին: Խեղճ Կանաչուկ. սիրտը տրոփում էր, վախից այս ու այն կողմ էր վազում, թաքնվելու տեղ էր որոնում… (հո Կարմրափորիկի նախաճաշը չէր դառնալու…):
Այդպես կարողացավ դիմանալ մինչև ձմեռ…Բայց հետո…ցրտաշունչ ձմեռն արծվի նման իր թևերը փռեց այնպես, որ խեղճ Կանաչուկի լեղին ջուր կտրեց. չէ որ նրան ապրելու տաքուկ անկյուն էր հարկավոր, կանաչ տերև էր հարկավոր և, ի վերջո, այդ շատակեր Կարմրափորիկի սրատես աչքից թաքնվել էր հարկավոր…
Այ թե հոգսեր են…ինչ եմ անելու…, - խեղճ-խեղճ մտածում էր Կանաչուկը, մինչև որոշեց` ինչ լինելու է` թող լինի, ու մի ճերմակազգեստ առավոտ զինվեց անասելի համարձակությամբ, դուրս եկավ ծառի խոռոչից ու արագորեն ճողոպրեց ճանապարհից այն կողմ գտնվող մոտակա տան այգին: Քիչ դեգերելուց հետո պատուհանի նեղ ճեղքից իրեն նետեց անտառապահի տաքուկ սենյակը, հարմարվեց վառարանի կողքին դրված գաճաճ թթենու ցողունի մոտ ու…մուշ-մուշ քնեց:
Անկողին, տաք անկյուն, ամեն ինչ կարծես լավ էր ընթանում, բայց…քաղցը…անտանելիորեն տանջում էր նրան. որովայնում ասես հազար-հազար թմբուկներ էին զարկում, երբ աչքերը բարձրացրեց ու տեսավ…հողի պարարտության մեջ այնպես անխռով փարթամացել էր գաճաճ թթենին, բազում տերևներ ձգել կանաչ ավիշներից դուրս…Այ քեզ արքայություն…չէ, արժեր, ուրեմն, ճողոպրել Կարմրափորիկի կերը դառնալու վտանգից, - ամեն օր աչքերը ճպճպացնելով և պատուհանի գոգին դրված հայելու մեջ այտերի վարդագույնը նորոգելով` մտածում էր Կանաչուկը…մինչ որ ձմեռն անցավ…
Գարնան հալոցքի հետ եղանակները սկսեցին տաքանալ, ձյունը կամաց-կամաց ետ քաշեց իր ճերմակ ժպիտը հողից, և հողը` բազում մտահղացումներով լեցուն, դիմավորեց անուշախոս առվակների զվարթ մեղեդիները…
բայց…մի վայրկյան…խեղճ Կանաչուկի սիրտը պայթում էր հուզմունքից` ինչպե±ս փախչել անտառ…
Ու մի օր էլ…ծլկեց…
Հիմա, երբ անտառապահի տաքուկ սենյակն այլևս նրան հետաքրքիր չէր, նա նմանվել էր տարագրությունից տուն դարձող կարոտախտով տառապող հիվանդի. այնպե°ս էր կարոտել թթենուն, իր փոքրիկ փչակը, որ կարծես բոլորովին մոռացել էր Կարմրափորիկին…
Նա հիմա մեծացել էր ու…այ թե համարձակն էր դարձել… Վերադարձավ իր բույնը, ապրեց մի քանի օր էլ, ու մի առավոտ, երբ սովորականի նման մարզվում էր, որ հետո նախաճաշի, իր առջև տեսավ Կարմրափորիկ-շատակերին: Այ թե վախեցավ Կանաչուկը, այ թե գույնը գցեց…բայց…փոքր-ինչ ուշքի գալով` նկատեց, որ Կարմրափորիկն իրեն մի տեսակ այլ հայացքով է հիմա նայում, մի տեսակ զարմացած, մի տեսակ հիացած ու սքանչացած…
Կանաչուկն ինքն էլ նոր միայն նկատեց իր…թևերը…այ քեզ հրաշք…այ թե գեղեցկացել էր ինքը…աչքերին չէր հավատում…
Շատ կուզենար, որ անտառապահի փոքրիկ հայելին հիմա այստեղ լիներ…բայց, ոչինչ, բացատում գտնվող լճակի հայելանման մակերևույթն էլ վատ չէր, մանավանդ, երբ այնտեղ էր թռչում ծաղիկների հիացական ու հյուրընկալ հայացքների ներքո…
Դե°, փոքրի°կ բարեկամս, իսկ դու ինչու լրջացար, այո°, այո°, Կանաչուկը հաղթել էր այս աշխարհի գոյության պայքարում, այժմ նա մի աննման թիթեռնիկ էր դարձել, ուներ իր սեփական թևերը և կարողանում էր թռչել…

pdf տարբերակը

բեռնել

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ