Naira Hambardzumyan

Vote

Էլ.փոստ Տպել PDF

Պարտված գլադիատորների հրապարակային մահապատիժները Հին Հռոմում ընդամենը լավ կազմակերպված շոուներ էին, որոնք զվարճացնում էին մարդկանց, չնայած որ ծերակույտը մշտապես ինքն էր որոշում իր հանցագործներին ու հերոսներին:

Օթյակներում ասեղ գցելու տեղ չէր լինում, ու սոցիումը կամ զայրանում էր, կամ ուրախանում նրանց համար, որովհետեւ ստրուկ էր ու ոչ մի ուրիշ գործողության ընդունակ չէր: Բայց նրանց կարող ենք արդարացնել, որովհետեւ, բացի ստրուկ լինելը, ստրկամիտ էին նաեւ: Իսկ այսօ՞ր: Ինչո՞ւ ինքս չեմ օգնում նրան, ում դատապարտում են ստրկության: Ավելին՝ չգիտես ինչու, համոզված եմ, որ ճիշտը դա է:

Այսօր նույնպես պետությունն է ընտրում իր հանցագործներին ու հերոսներին, ու ես՝ ստրկամիտս, հին հռոմեացիների պես հասցնում եմ միայն ուրախանալ կամ տխրել, մասնակցել կամ քվեարկել՝ երբեք, ու նույնիսկ չգիտեմ՝ նպաստո՞ւմ են արդյոք ուրախությունս կամ տխրությունս աշխարհաքաղաքական հանցագործության ¥ամեն տեսակ¤ աճին, թե՞ ոչ: Միտքս միայն որոճում է՝ ես էլ եմ ստրուկ: Գիտակցում եմ, որ յուրաքանչյուրիս համար փորձություն են միայն առաջին տասը ներկայացում-մահապատիժները, հետո հարմարվում ենք. ինչի ասես, որ չես ընտելանա, չէ՞ որ ստրուկ ես, իսկ արքաները լուռ են. չգիտեմ ինչու, բայց լուռ են:

Գիտակցում եմ նաեւ, որ բոլոր ազգերի մուրացկաններն ունեն հավասար իրավունքներ: Բոլորն էլ աշխատում են նույնկերպ, ու բոլորին էլ պահապան է Հիսուսը: Նրանք երբեք ապխտած երշիկ չեն ուտում, քանի որ թափառական շներն ու կատուները աղբարկղերում երշիկի մնացորդներ չեն թողնում, թեկուզ՝ կերակրային անտիօքսիդանտներով ու հավելումներով: Նրանց կերակրացանկում հիմա նարնջի չորացած կեղեւներ են ու անհատական վերաբերմունքից զրկված ժամկետանց պահածոներ: Չէ՛, Նոր տարվա մնացորդների համար արդեն ուշ է մտածելը, արդեն տասը-տասնհինգ օր է՝ սպառվել են:

Սակայն հիմա ինձ անհանգստացնողն այդ չէ. երեք օր է՝ ինձ տանջում է աշխարհում նեգրերի կացության խնդիրը: Ինչո՞ւ էին անցյալում ճնշում նեգրերին՝ չեմ ուզում մանրամասնել, բայց այսօր հաստատ ճաշակի խնդիր է՝ մի տեղ արքա են կարգում, մեկ այլ տեղ բողոքում են դեռեւս ստրկությունից: Նրանք՝ այդ նեգրերը, կարծես մեր չարենցավանցիները կամ ղարաբաղցիները լինեն, գալիս են գավառից ու… միանգամից թագուհի, դիցուհի, արքա ու նման կարգավիճակներ են ուզում ու ինձ՝ երեւանաբնակ ստրուկիս, ուղղորդում են` ժամանակավրեպ անտարբերությամբ դիտելու հրապարակային մահապատիժները, որ այնքան նման են հին հռոմեականին: Ժամանակն առաջ է անցել այնքանով միայն, որ օթյակները փոխարինվել են tv-ներով, ipad-ներով, laptop-ներով, իսկ մահապատիժները նույնն են, ու Հին Հռոմը ոչ մի կերպ չի փոխել իր կառնավալային դեմքն ու որակները: Ու արքաները կրկին լուռ են, արքաներն ամենեւին էլ դեմ չեն, որ աշխարհի բոլոր մուրացկաններն ունենան հավասար իրավունքներ, ու նրանց պահպանի Հիսուսը՝ նույնիսկ ամենաանհավատարիմներին: Զգում եմ, որ օդը կամաց-կամաց լցվում է նախընտրական հաշիշով, ու կամաց-կամաց հարմարվում եմ մահապատիժներին՝ զիջելով քվեարկելու իրավունքս:

Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ