>>> ԳԼԽԱՎՈՐ ՊՈԵԶԻԱ ԵՍ ԲԱՌ ԵՄ ԴԱՐՁԵԼ ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

Naira Hambardzumyan

ԵՍ ԲԱՌ ԵՄ ԴԱՐՁԵԼ ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

Էլ.փոստ Տպել PDF

ԵՍ ԲԱՌ ԵՄ ԴԱՐՁԵԼ ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

ՃԱԽՐ ՀԵՌԱԳՐԱՍՅԱՆ ՎՐԱՅՈՎ
Իմ ոտնաթաթերը հասել են խոստումին.
Հեռագրասյան վրայով որ մի թռչուն չանցավ,
Եվ թաց լույսերի տարափի տակ
Երկինքը մխրճվեց երկնքի մեջ,
Մերձեցավ սահմանին:


Անցյալ աշնանից մնացած
Երեք դեղին տերև
Համր ֆիլմի հերոսի ձայնեղությամբ
Պատմում են վաղուց հազար անգամ
Կրկնված մի պատմություն:
Ես միացնում եմ ափերս,
Ջուր խմում մի բուռ,
Որ երազս Սանասարի պես
Լիարժեք ծնվի:

Եվ մինչ թևում է թռչունը
Հեռագրասյան լարերից երեք կաթիլ անձրև
Առկայանում են երազիս գույների մեջ
Ու դառնում ճախր…

***
Երբ վերջին մարդն էլ աշխարհից գնա,
Աղջամուղջից սառը մահահոտ կփչի,
Միայնակ գայլը կկանգնի ճանապարհին
Եվ լիալուսնի համար
Տխուր կերգի:

Այդ օրը կճախրեն
Երկնքի բոլոր աստղերը.
Եվ մահը, մոխրագույն թևերը բացած,
Կողջունի երեկոյան երգը ծղրիդների,
Եվ աղջիկների լուսավոր կրծքերին
Ժամանակը
Հետո
Օրերի անբառ իրիկունները կշարի:

Մի օր, մթնշաղին,
Լուսինը արծաթ կցանի
Հորիզոնում սուզված գերեզմանաքարերին,
Եվ լուսազուրկ ժամանակի ողնաշարին
Խոցապատ մի ձեռք իր հետքը կթողնի:

***
Մենք լողում ենք հազարավոր մեռածների հետ
նույն կյանքում,
նույն օդում,
և հայտնի չէ`
մե՞նք ենք նրանց բռնած քաշում,
թե՞ նրանք մեզ.

Դռները իրենք բացվում են,
իրենք փակվում:

***
Խաղաղվի˜ր,
Ու ղղակի հիմա այդպիսի ժամանակ է.
Հիմա խաղաղության աղավնիները
Ետ չեն գալիս ձիթենու ճյուղերով,
Եվ բառերը,
Համառ կամակոր բառերը
Կանգնած են սպասման ճանապարհին…

Խաղաղվի˜ր,
Բառերը միշտ էլ անտեղյակ են
Հոգուդ լեռնացած ալիքներից,
Ճանապարհ պիտի անցնեն նրանք
Քարքարոտ, դժվար ճանապարհ,
Եվ հույս չկա, որ կգոլորշիանան քարերը…
Խաղաղվիր…

***
Գիշերը կախվեց ճերմակ հասմիկների կողքին,
Երբ հասկացա, որ երկու քայլ հեռավորությամբ
Ծառն ինքնահաստատվում է` մի կտոր լուսնի
Երկրպագությամբ…

***
Կյանքը
Այցելությունն է մանկության փողոցիս,
Եվ ժամանակի ճիշտ ընկալումը`
Ցողունից կտրված ծաղկի թերթիկներին:
Կյանքը
Ադամամութին սուրճի բաժակի դիմաց նստած
Այն աղջիկն է,
Որ հաշվում է տների`
Հերթով վառվող ճրագները:

Կյանքը
Աղմուկն է առավոտյան
Հասունացումը ճանապարհների,
Մի գավաթ նռան գինին
Եվ լուսնի երկրպագությամբ
Համբուրվող պատանին:

Կյանքը
Ծխախոտի դառը, դառը ծխի
Այցելությունն է թոքերիդ:

Կյանքը
Իմ բաժին երկինքն է,
Ու մեզ բաժանող վարագույրը, գուցե,
Միայնակ դեգերելն է
Ձմեռային այգու լքված անցումներում:

Կյանքը
Այն գիշերն է,
Որից հետո նոր կյանք է ծնվում:

Կյանքը
Այն տողն է, որ հիմա գրում եմ:

***
Երբ դահճի ձեռքերը մերկացնում են
Պարանոցը երազիդ, որ
Գողգոթայով տանեն,
Ուրեմն ,
Աշխարհը քնած է դեռ,
Քանի դեռ քնած է բանաստեղծությունը,
Որ տանելու է մեզ ՍԿԻԶԲԸ դեպի…
Ուրեմն,
Քնած է բանաստեղծությունը,
Որ անհավատների տաճարում
Մեղմելու է սանձակոտոր վազքը ժամանակի…

Սպասիր ինձ ես կգամ,
Բոլոր փորձությունները թող որ մնան ինձ.
Եվ հողը, մա˜յր հողը,
Իր անհանգիստ ընդերքի տարողությամբ
Եվ գոտկատեղի պարարտությամբ
Կընդունի հեշտալի արցունքները կանանց,
Որոնց համար զվարճանք է սերը:

Ես կգա˜մ,
Կգա˜մ,
Կգա˜մ,
Տարվա այս եղանակին ես ողջույն կհղեմ,
Եվ նռնածաղիկը կկրկնի ինձ,
Եվ կրկին կփորձեմ աչքերիս
Չերևացող կապույտ երակներում
Համբերատար տեղավորել
Երկիր կոչված մոլորակի
Գնդերը արյան…

Ես կգամ,
Կգամ,
Հպատակման ցավից թող ու ոռնան
Հազարավոր անհայտ օվկիանոսներ,
Եվ սիրտը`
Հրաժեշտի հեռավոր ձայնից խաղաղված,
Թող կրկնի իրեն`
Լինելության բոլոր երազների սառը աղոթքներում…

Ես կգամ,
Ինձ թող
Ձմռան մերկ սառնությունը
Եվ մաքրությունը ձյան…
***
Չեմ գրում,
Քեզ եմ տեղավորում հիշողությանս մեջ,
Հայացքիս մեջ,
Առավոտի մարմինը սառն է սակայն,
Ինչպես խարխլված պատը մահացողի երակներում:
Միտքս նման է ծաղկանոցի,
Ուր բառերի սեթևեթ աչքերում,
Լույսի պատուհանը պատգամներից վարդերի
Ցողեր է պոկում և ընդարձակում իմ առավոտը:
Չեմ գրում,
Քեզ եմ տեղավորում աչքերիս մեջ,
Հայացքիս մեջ, հիշողությանս պարունակներում,
Կապույտ դրախտներ եմ գծում`փակուբաց դռներով:

Միտքս
Առավոտ է տենչում,
Առավոտն այնպես սառն է սակայն…

***
Առավոտյան անձրևը խոսում էր մի սիրուց,
Որ դեռ չէր հանձնվել գիշերվա փորձությանը…

***
Ես կապրեմ մինչև
Դրախտի խնձորի երկրորդ կիսումը,
Երբ առավոտ բառի մեջ
Նորից արև կլինի…

***
Երբ աղավնիները քնեն ծաղիկների հետ,
Աշխարհում կծնվեն այն երեխաները,
Որոնք բանաստեղծելու համար բառեր չեն փնտրի:
***
Ես վերջակետ չեմ սիրում,
Ավարտը միշտ Աստծո գործն է…

***
Երբ քեզ չեն դիմավորում,
Դեռ չի նշանակում, որ դու չես եկել:

***
Երբ հոգիդ մանուշակագույն էիր ներկում,
Ինչ էիր կարծում, մանուշակի հոգի՞ ունես…

***
Երգեր կան, որ դեռ չեն գրվել.
Նայիր երկնքին, քնզի ջրի մեջ արտացոլվեց
Նրա երկնագույն աչքը` չգրված երգ…

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ