Մեր հյուրն է բանաստեղծուհի, գրականագետ Նաիրա Համբարձումյանը: Նրա «Ես բառ եմ դարձել» ժողովածուի բանաստեղծությունների տողերից էլ ծնվել են նրան ուղղված հարցերը:
- Ի՞նչ է լինում, «Երբ դատարկվում են հայելիները»:
- Մենության տրտմությունն ավելի է մգանում:
- Ինչո՞ւ «չեն խանգարում իրար ձյունն ու կրակը»:
- Նրանցից յուրաքանչյուրն իր ճակատագիրն ու ճանապարհն ունի:
- «Երկնքի արքայության ուղեգիր ո՞վ պիտի տա»:
- Մենք` մեզ:
- Ո՞րն է այն «լուսամուտը», որ բավական է «մենության փոքրիկ ձեռքերը խաչելու» կամ «արև ունենալու համար»:
- Սերը:
- Ինչո՞ւ է պետք սիրել:
- Ամբողջանալու համար:
- Ինչո՞ւ «չխորհել` ինչպես են ապրում ծաղիկները»:
- Նրանք մարդկանց նման են:
- «Իմ բախտը բերել է, Ես մարդ եմ ծնվել»…
- Որովհետև մարդ էլ կա, մարդ` էլ:
- «Սերը կորցնել Ու հետո գտնել» Հնարավոր չէ՞:
- Հնարավոր չէ:
- Հանդուգն չէ՞` «Կյանքը Այն տողն է, Որ հիմա գրում եմ»:
- Ո՛չ, որովհետև գրում եմ կյանքից, որովհետև տողս շնչում է, հետևապես` ապրում:
- Բանաստեղծությո՞ւնն է, «Որ տանելու է մեզ Սկիզբը դեպի»:
- Բանաստեղծությունն է` բանաստեղծությունից դուրս:
- Ե՞րբ «առավոտ բառի մեջ Նորից արև կլինի»:
- Երբ արդարության մասին միֆը նորից ապրի:
- «Լսո՞ւմ» եք «արդյոք ոտնաձայնը լռության»:
- Լռությունը լսել և հասկանալ ընտրյալներին է տրված միայն:
- Ո՞րն է «Խուան Միրոյի «Երազների գույնը»»:
- Կապույտը, բայց մաքուր կապույտը:
- «Լույսի ու ձյունի խառնուրդը» հաստա՞տ սերն է:
- Այո՛, քանզի այդ խառնուրդից են ծնվում աշխարհի բոլոր մանուկները:
- Ինչո՞ւ վերջակետ չեք սիրում…
- Որովհետև մենք անկախ ենք մեր ապրելու ժամանակից, այն մենք չենք որոշում:
- «Երբ քեզ չեն դիմավորում, Դեռ չի նշանակում, որ դու չես եկել»:
- Բացարձակ ճշմարտություն է, քանի որ հարաբերական է` նա, ով «եկել է», արդյո՞ք եկել է… Ամեն ինչ ժամանակի ուսերին է:
- Ժամանակը բուժո՞ւմ է «բոլոր բաց վերքերը»:
- Բուժում է, ուղղակի պետք է կարողանալ ազատվել ոչ միայն վերքերից, այլև սպիներից:
- «Այս բեմում խաղալուց հոգնել եմ». ո՞ւր եք ցանկանում վերադառնալ:
- Ոչ թե վերդառնալ, այլ նորից սկսել:
- «Երբ հոգիդ մանուշակագույն էիր ներկում, Ի՞նչ էիր կարծում, մանուշակի հոգի՞ ունես…». ո՞ւմ են ուղղված այս խոսքերը:
- Երկերես, յոթնաստառ և հարափոփոխ տրամադրություններով մարդկանց, որոնց ոչինչ չպետք է վստահել:
- Ձեզանից հետո հաստա՞տ ոչինչ չի փոխվի:
- Կփոխվի, իհարկե` ես չեմ լինի, բայց դա գոյության նորմալ ընթացք է:
- «…երազը Տաճար է տանում Նույնիսկ անհավատներին…»:
- Այո, քանզի երազանքները իրականանում են միայն հավատով… Ես հավատում եմ նաև հրաշքներին:
- Փորձում եք «ապրել աղոթքի նմա՞ն»:
- Աղոթքի պես` անընդհատ մաքրվելով:
- «Թեթև սահանքները կյանքի» այդ ինչպե՞ս եք բացում:
- Սահանքները կան, ուղղակի պետք է դրանք բացահայտել կարողանալ:
- «Ես ապրելու ճանապարհ եմ փնտրում այնտեղ, Ուր չկա ոչ մի ճանապարհ»:
- Կյանքն է այդ:
- Կարո՞ղ է հայացքը «տաք» լինել այնքան ու «հասկանալի»:
- Եվ միանգամի ց հասկանալի:
- «Պետք է փնտրել ձևն ապրելու»:
- Ամեն վայրկյանը, ամեն ժամը, ամեն օրը որոնում է, և ապրելու ձևը փնտրելը` որոնման ծես:
- Թուղթը «արժանապատվության զգացո՞ւմ» ունի:
- Պետք է հարգել թուղթը, որի վրա գրում ես: Այն արժանապատիվ է` գրածիդ հանգույն:
- Այդ ե՞րբ է, որ «գորտերը բանաստեղծում են»:
- Երբ բանաստեղծությունը չի ընկալվում:
- Բոլոր «նորածին զգացումների՞ն» է «անհապաղ խնամք հարկավոր»:
- Այո, ինչպես բույսը, երբ նոր ես աճեցնում:
- «Ինչպե՞ս է մեկնաբանվում ճախրը»:
- Արևի ցեղակցության հրկիզումով:
- «Որքա՞ն է Ժայռի քնքշության չափը` Նրա հոգում ծնված ծաղկի նկատմամբ»:
- Իր խրոխտության չափով:
- «Եթե մենակ ես` Ոչի՞նչ ես ուրեմն»:
- Մեկը ոչնչի հանրագումարն է:
- «Ինձ հասկանալն էլ դժվար է…»: Ինչո՞ւ է դժվար:
- Որովհետև ճանպարհը, որով գնում եմ, դուրս է ինձանից:
- Ինչո՞ւ եք լուսին սիրում:
- Լուսինը միշտ խորհել է տալիս:
- Ինչպե՞ս եք «հրաշեկ արևից ապագա սարքելու»:
- Արևը կյանք է, կյանքը` ինչ-որ բան ստեղծել-թողնելու հնարավորություն:
- Դուք բա՞ռ եք դարձել: Ո՞րն է «բառի» բանալին:
- Ի սկզբանե էր ԲԱՆՆ…
Հարցազրույցը` Հայկուշ Շահբազյանի