>>> ԳԼԽԱՎՈՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Naira Hambardzumyan

Ես

… Արթնանում եմ, ձայն եմ տալիս արևին, իմ ձայնից զարթնում է ծիծաղը ու ծավալվում հորիզոններին…
Ինձ հետ զարթնում է և առասպելը օրվա, կարոտը թևեր է առնում, ցավն ու հրաշքն ապրում են կողք - կողքի, առասպելը դառնում է կյանք, կյանքը` բանաստեղծություն…

Ստեղծագործություններս տպագրվել են Հայաստանի և արտերկրի շատ թերթերում, ամսագրերում և կայքէջերում, թարգմանվել տարբեր լեզուներով:


Բանաստեղծությանը զուգահեռ գրում եմ նաև մանկական պատմվածքներ, զբաղվում գիտական գործունեությամբ: 2003-ին պաշտպանել եմ ատենախոսական թեզ:
2001թ. լույս է տեսել «Մտորումներ աշնան կեսին» բանաստեղծությունների ժողովածուն:
2003թ. «Մարո Մարգարյանի քնարերգությունը» մենագրությունը:
2004-ին «Կանաչ կառեթներ
» բանաստեղծությունների ժողովածուն:
2008-ին «Կանաչուկը
» մանկական գիրքը:
2008-ին «Ես բառ եմ դարձել
» բանաստեղծությունների ժողովածուն:
2009-ին «Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե» թարգմանությունների ժողովածուն (Խուլիո Կորտասար):
2010-ին
«Թռիչք մեռած հողում» թարգմանությունների ժողովածուն (Ալֆոնսինա Սթորնի):
2010-ին
«Կարմիր հողմաղացներ» հեքիաթների ժողովածուն:

Հոգին


Անիրական ազդակների ոլորտինն է հոգին: Բանախոհության մակույկը, որի մեջ տարուբերվում ենք, մեզ դեպի իռացիոնալն է տանում: Կյանքում ամեն ինչ ընթանում է կանխավ որոշված գնացքի ոգով, ուղի, որի մասին երբեք չի բարձրաձայնվում:
Աշխարհում ավերման ենթակա են բոլոր շինությունները, մարդկային հոգու կերտվածքը` երբեք:

Սերը


Երբ քեզ են սիրում, դա հաճելի է, բայց երբ դու ես սիրում, դառնում ես հարուստ, ու ողջ աշխարհն է քոնը դառնում:
Մենք բոլորս սիրում ենք, բայց ամեն մեկն իր ձևով:
… Երբեմն - երբեմն պետք է կարողանալ զտել, մաքրել հիշողությունները և վերականգնել տիեզերքը նոր լույսի ներքո, այլապես արտաքին աշխարհը կսահմանափակվի սեփական մարմնի մակերեսով միայն, սեփական քթի երկարության չափով, իսկ ներքինը անձեռնմխելի կմնա ցանկացած զգացմունքի հանդեպ:
Մարդիկ երազում են մե՜ծ սերերի, ասպետների ու փերիների մասին, իսկ մեզ այնքա՜ն քիչ է հարկավոր, իրական ու շոշափելի` ՄԵՐԸ…

Կյանքը


Մեր կյանքը` ծնունդից մահ ընկած ժամանակահատվածը, ալքիմիա է, յուրօրինակ պեղում, որ մեզ տանում է անընդհատ բյուրեղացման: Որոնում ես, փնտրում, հայտնաբերում այն թանկարժեքը, որ օգնում է ներդաշնակվելու, ապրածդ օրը դարձնելու արժեքավոր:
Հ.Գ. Կյանքը դառնում է յուրօրինակ փորձանոթ, որի միջով մենք անցնում ենք սկզբից մինչև վերջ, ծնունդից մինչև մահ` բյուրեղանալով, մաքրվելով, ազնվանալով:

Մարդը


… Մարդը պարտավոր չէ քեզ սիրել կամ հասկանալ: Եվ, բարեկամներով ու թշնամիներով շրջապատված, միևնույն է, մենք հավերժ մենակ ենք, հավերժ մենակ է մեր ԸՆԹԱՑՔԸ: Բայց սա նույնպես ճանապարհ է, քանի որ չկա ոչինչ բարձր մարդկային կյանքից` ժամանակի սահմանափակ տիրույթում: Նախևառաջ` մարդկային կյանքը: Եվ, ինչու չէ` կարելի է հաղթել իրականությունը, երբ հաղթենք ինքներս մեզ` ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՄԱՐԴՈւ ՈՐՈՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՀՐՀԻՆ:

Մահը


Կորուստներից վատթարագույնը մահն է. նրանից անդին անդառնալի ոչինչ չկա: Այդ դեպքում միայն ոչինչ փոխել չես կարող: Միայն այդ դեպքում է, որ ցած ես դնում բոլոր զենքերդ:
Արարիչը երբեմն վերցնում է մեր մտերիմներից մեկի կյանքը, որպեսզի մեզ` հասարակ մահկանացուներիս, ապացուցի մեր անզորությունը: Պետք է զգալ Վախճանը, ապրել ամեն վայրկյանով, սիրել կյանքը, ահա մարդու` աշխարհի նկատմամբ ունեցած այն մեծ սերը, որ անհրաժեշտ է ապրելու և ստեղծագործելու համար:

Սիրում եմ


Սիրում եմ հողը, ջուրը, արևը, սիրում եմ առավոտը, արշալույսի այն պահը, որ միայն քոնն է, երբ ոչ ոք չկա, որ խանգարի քեզ,… սրբազան վայրկյան… երբ լռությունն է ու դու… երբ հերթով արթնանում են մարդիկ, արթնանում է աշխարհը, երբ պատուհաններից առկայծում են ճրագները, դիմավորում արևածագը… ոմանք երեկվա կիսատ գործն են շարունակում, ոմանք` նոր գործ սկսում…
Առավոտը ամեն ինչի սկիզբն է…

Բանաստեղծությունը


Բանաստեղծության նյութն անսպառ է. գրել են, գրում են, պիտի գրեն:
Գոյի ու ստեղծումի տիեզերական մի խորհուրդ կա, որ կոչվում է ԿՅԱՆՔ, և դրված է մարդու` հողեղեն ու բանական գոյաձևի հիմքում: Բանաստեղծություն բանաստեղծությունից անդին… այստեղ է արարման խորհուրդը, ժամանակ ժամանակի մեջ` առեղծված, մարդկության չբացահայտված գաղտնիքներից մեծագույնը:

Արվեստը


Արվեստը չպետք է ծնվի օգտակարության խնդրից. այն հոգևոր դաս է, անկեղծության երջանիկ վայրկյան, ճշմարտության հաղթանակ: Այստեղ ինչ ուժգնությամբ որ ընդգծվում է գեղեցիկը, նույն թափով էլ պետք է ընդգծվի տգեղը: Թափանցել իրերի ու երևույթների խորքը, տեսնել ոգին, ահա արվեստագետի կոչումը, ստեղծագործ մտքի սլացքը, որ գեղարվեստական ձևի միջոցով տանում է դեպի իմացական ճանաչողություն…

Ժամանակը


Կա մարդը - կա զգացողությունը, կա ապրելու իմաստը, կան շատ պայմանականություններ, որ շրջապատում են նրան:
Չկա մարդը - չկա և ոչինչ, ապրածը միֆ էր, երազ, առասպել, կա միայն նրա ստեղծածը, իրենից հետո թողածը, լավ ու վատ գործը:
Ժամանակը նույնն է բոլորի համար, նույնն են ժամերը, նույնն են րոպեներն ու վայրկյանները, ուղղակի պետք է կարողանալ կյանքից վերցնել ավելին, լավը, հաճելին: Գոյության պայքարը բոլորինն է` օդ, ջուր, հող, բույս, մարդ, կենդանի, թռչուն. այն ամենը, ինչ կազմում է օրգանական աշխարհը ամբողջության մեջ…

Պոեզիան


Հայացքը կյանքին` ստեղծում է ՏԵՍԱՆՈՂՈւԹՅԱՆ հարաբերականությունը, որն էապես միտում է կյանքի մետաֆիզիկական ընկալումից: Բանաստեղծության հասարակական էույթը ծառայում է տարբեր նպատակների, թեպետ նրա գործառույթը էապես լեզվի զարգացման տիրույթում է: Կյանքն ու մահն անբաժանելի են, և կյանքը հնարավոր է միայն այնքանով, որ ի վերջո, հպատակեցնում է մեզ աստվածային ՍԿԶԲԻՆ, մոտեցնում մահվան, հետևաբար և, Աստծուն: Ձևն ինքը պետք է լինի բովանդակության արտահայտիչը:

Փշերը


Փշերը…
Փշերն անպայման պետք է լինեն, որ գնահատենք մեր ճանապարհին երջանիկ պահերը… Երբեմն կյանքն ավելի լավ հասկանալու համար ուտում եմ բոլորովին անհամատեղելի կերակուրներ, ասենք` աղով բողկ և քաղցր թեյ: Համի այդ անհամատեղելիությունն էլ ինձ ստիպում է հաղթել ստեղծված այն անսպասելի իրավիճակ - ճգնաժամը, որն ինձ հոգեբանորեն ճնշում է:
…Հոգեպես ուժեղներ չկան, կան միայն դրությունը վերահսկողներ: Փորձիր կարտոֆիլը համեմել աղով նրա վրա դրված պատառաքաղի մատների արանքից. այդպիսի շերտեր են հիշեցնում նաև կյանքի պարզ ու բարդ կողմերը:



* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ