>>> ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐ Մարդկանց ճանաչելու լավագույն միջոցը նրանց սիրելն է

Naira Hambardzumyan

Մարդկանց ճանաչելու լավագույն միջոցը նրանց սիրելն է

Էլ.փոստ Տպել PDF

Մենք հաճախ իրավացիորեն դժգոհում ենք, որ հայ մանկագրության մոլորակի երեւելի բնակիչներն արդեն տարեց են, եւ նոր անուններով համալրումը համարյա աննկատելի է վերջին տասնամյակներին ու նաեւ հանիրավի հաստատագրել ենք, որ մանուկների համար կարելի է համարձակվել գրելու միայն հասուն տարիքում, որովհետեւ, այո́, «մանուկների համար գրելը չափազանց դժվար գործ է» (Չարենց), եւ հասու չէ ամեն գրողի: Իսկ ահա Նաիրա Համբարձումյանը վերջին տարիներին «համարձակվում» է երիտասարդ տարիքում գրել նաեւ երեխաների համար: Վկա առաջին` «Կանաչուկը» գրքույկը` հայերեն ու ռուսերեն, «Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» պարբերականներում տպագրված պատմվածքները եւ հենց վերջերս` տարեմուտին պետական պատվերով լույս տեսած «Կարմիր հողմաղացներ» հեքիաթների ժողովածուն: Այո́, երեխաների համար գրելը թերեւս ամենադժվար փորձություններից է յուրաքանչյուր գրողի ստեղծագործական կյանքում: Մեր կարծիքով, այդ առաքելության ճշմարիտ իմաստավորմամբ է Նաիրա Համբարձումյանը եկել նաեւ «մանկության մոլորակ», իրողություն է, որ ժամանակակից հայ մանկագրությունը նրա մուտքով վստահ քայլեր է անում: «Կարմիր հողմաղացներում» տեղ գտած հեքիաթների մթնոլորտը ավանդական հեքիաթների մասին մեր պատկերացումների շրջանակում, ըստ էության չի տեղավորվում` ոչ ակունքաբանական, մասամբ էլ ժանրին բնորոշ գեղարվեստական որոշակի հնարքների օգտագործման տեսակետից: Իրականում դրանք ժամանակակից հեքիաթապատումներ են, ինչ - որ առումով մանկագրության նոր տարատեսակ, որ թեեւ ծնվել է ավանդական հեքիաթի խանձարուրից, բայց նոր ժամանակների ու մանկանց նոր սերունդների հոգեբանության ու մտածողության թելադրանք է:
Ժանրատեսակի արմատավորման ճանապարհին ահա լուրջ քայլ է ներկայացնում Նաիրա Համբարձումյանն իր «Կարմիր հողմաղացներ» - ով: Նրանում ամփոփվել են այսօրվա` նորագույն մտածողությամբ ու հոգեբանության զգացողությամբ հյուսված պատումներ` իրականի եւ երեւակայականի, առօրեականի ու երազայինի, սովորականի ու հեքիաթայինի, թերեւս նաեւ ֆանտաստիկային բնորոշ առանձին հեքիաթային տարրերի` չափազանցության ու հրաշքի հետաքրքիր ներհյուսումով, առանց այդ հնարքների չարաշահման, այնպես, որ ընթերցողն ընդունի ու հավատա:
Եվ ժողովածուի ու համանուն պատմվածքի խորագիրն էլ խորհրդանշում է գրողի հավատամքը` երկնային երազանքին հասնելու տիեզերական ճանապարհը սկսվում է երկրից, եւ որ ամենից առաջ պետք է գիտելիքներ ձեռք բերել, ճանաչել շրջապատող աշխարհի, բնության, տիեզերքի ճանաչողության ոլորտները, իր իսկ էության եւ աշխարհընկալման մեջ հայտնագործել եւ իմաստավորել այն անզուսպ ձգտումը, որ քայլ - քայլ, ի վերջո, տանում է դեպի երազանքների իրականացում: Եվ հեքիաթայինը, երեւակայականը տվյալ դեպքում սոսկ միջոց է այդ ճանապարհին, որ ձգվում է «երկրայինի ակունքներից դեպի երկինք` տիեզերք»: «Արեգը եւ աստղերը» պատումի փոքրիկ հերոսը` Արեգը, հավատում է, որ «բոլոր մարդիկ երկնքում ունեն իրենց երազանքի աստղերը, դրանք միայն փնտրել է պետք, որոնել»: Այս բարի, հրաշալի «փոքրիկ իշխանը» երազում է թռչել տիեզերք «գտնել այն մոլորակը, որ բոլոր աստղերի բնակարանն է», տեսնել Արեւին եւ խնդրել, որ աշխարհի բոլոր ծագերում հավասար լուսավորի, որ «այս գիշեր Ձմեռ պապիկը մարդկանց բարի սրտեր նվիրի…»:
Ընդհանրապես, բարության, կենսասիրության, մանկության մոլորակը լույսով ու ջերմությամբ պարուրված տեսնելու զգացումներ են հորդում ժողովածուի բոլոր պատումների ու նրա հերոսների էությունից: Այդ պատումների փոքրիկ հերոսները մեծ երազողներ են. Նատալին տարված է «հավերժությունն իրենց թեւին տանող» կարմիր հողմաղացների պտույտով եւ երազում է ճամփորդել, ճանաչել մարդկանց ու աշխարհները, զգալ նրանց, ուղեկից ունենալով Արեւի խորհուրդը. «Մարդկանց ճանաչելու լավագույն միջոցը  մարդկանց սիրելն է: Սիրիր նրանց, եւ մարդիկ իրենք քեզ կնվիրեն իրենց սրտերը: Երբ փոքր ես, այնքան հեշտ է թվում երազին հասնելը… Թվում է` ձեռքդ մեկնես, ահա` հեքիաթի կախարդական պարկից մի ինչ-որ բան անպայման քեզ կհասնի: Միայն մանուկները գիտեն` ինչ է իրենց հարկավոր, նրանք ամեն ինչի մեջ հոգի են գտնում, իսկ մեծահասակները` նյութը առաջին հերթին»:
Տիրլյամ թզուկի հետ երազում կախարդական սահնակով «Փաթիլների թագավորությունում»  ճանապարհորդող Մարին արքայադուստր Ձյունիկի նվերը` «Տիեզերքի երգը», բերում է Երկիր, որ բոլոր մարդիկ կյանքի դժվար պահերին ուղեկից ունենան նրան: Եվ ընդհանրապես` « Երազանքին հասնելու համար մարդ իր հոգում պետք է ԵՐԳ ունենա: Այդ երգը ծնվում է յուրաքանչյուրիս հետ եւ ուղեկցում ողջ կյանքում, պարզապես պետք է պահպանես, որպեսզի չկորցնես: Դրա համար քաջություն է պետք ու բարի սիրտ: Ես ուրախ եմ, որ դու գտար քո ԵՐԳԸ…» («Տիեզերքի երգը»):
Մի շարք պատմվածքներում երազում եւ երազանքը կյանքից ածանցվող փիլիսոփայություն են դարձնում անգամ բնաշխարհի անշունչ զավակները` Արեւը, Օվկիանոս մայրիկն ու նրա դուստրը` Արփին, Լուսինը, Տերեւիկը, Անձրեւիկը, նույնիսկ Կիկի բադիկը, Բաբի փղիկը` «մենք պետք է մեզ սիրենք այնպիսին, ինչպիսին ստեղծել է բնությունը եւ երկմտեց` գուցե շտապո՞ւմ է…» («Փղիկը»): Պատումների բոլոր հերոսներն էլ իրենց երազանքն ունեն եւ, կարելի է ասել ժողովածուի գլխավոր հերոսը ինքը` Երազանքն է, անձնավորված մյուս հերոսների երկրային - երկնային երազներում: Գրողն իր անտեսանելի ներկայությամբ ուղղորդում է նրանց, որ երազանքի թեւերով թռչելիս երբեք չկտրվես հայրենի հողից ու բնաշխարհից, որ «հավերժությունն իրենց թեւերին տանող կարմիր հողմաղացների պտույտով հիանալիս» կանգ չառնեն, չընկճվեն դժվարություններից, համարձակ գնան իրենց երազանքների ետեւից եւ անպայման հաղթեն, քանի որ «թռիչքի համար ամուր թեւեր են հարկավոր…»: Առկա են իմաստախոսություններ, որոնք հիմնականում ներհյուսվում են հեքիաթապատումի տրամաբանությանը` ճշմարիտ դասեր ավանդելով ընթերցողին:
«Կարմիր հողմաղացներ» ժողովածուի «սիրտը» բաբախում է այս պատկերներով, իսկ նրա հեղինակը` Նաիրա Համբարձումյանը բարի հրաշքների մի աշխարհ է բացում մանկության մոլորակում: Այդ ճանապարհին, անշուշտ, շուտով կրկին կհանդիպենք երիտասարդ գրողի նոր ստեղծագործությունների հերոսներին` իրենց երազանքների հետ:

Լյուդվիգ Կարապետյան, բ.գ.դ.

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ