>>> ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԳՐԱԿԱՆ Թարգմանությունն արվեստ է

Naira Hambardzumyan

Թարգմանությունն արվեստ է

Էլ.փոստ Տպել PDF

Թարգմանությունն արվեստ է, մշակույթ, միաժամանակ՝ հաղորդակցման ու տեղեկատվության միջոց։ Երկրագնդի բազմաթիվ ազգերի միջեւ հարաբերություններն անհնար կլինեին, եթե չլինեին թարգմանիչները։
Զարգացման ի՞նչ միտումներ է արձանագրում այսօր արդի հայ գրականությունը, ի՞նչ խնդիրներ եւ առնչություններ կան ժամանակակից հայ եւ հայերեն թարգմանված արտասահմանյան գրականությունների միջեւ, ունե՞նք այսօր հայերեն լեզվով արտասահմանյան գրականության գրադարան կամ ի՞նչ տարբերություններ են առկա սովորական եւ պոետական թարգմանությունների միջեւ: Այս հարցերի շուրջ զրուցում ենք բանաստեղծ, գրականագետ Նաիրա Համբարձումյանի հետ:



-Սկսենք սկզբից. ո՞վ է ժամանակակից գրողը: Եթե ընթերցողը չի ճանաչում արտասահմանցի հեղինակին, դեռ ինչ-որ տեղ հասկանալի է` լեզու չգիտի, բայց ինչո՞ւ ընթերցողը չի ճանաչում ժամանակակից հայ հեղինակին:

- Ընդհանրապես ես կզատեի գրող գոյականը ժամանակակից ածականից, քանի որ այն բոլոր իմաստներով եւ արտաիմաստային բոլոր ոլորտներում անկախ է, իսկ երկրորդ եզրը ժամանակագրական ցուցիչով գոյաբանական ներքին տրոհումներ ունի. թեպետ, չգիտես ինչու, հասարակությունը ժամանակակից գրողներ համարում է նրանց, ովքեր ստեղծագործել սկսել են 1980 - 2000 - 2010ական թվականներին, բայց արդյոք ժամանակակից չե՞ն 20-րդ դարի 20 - 30 - ական, ապա` 60 - 70 - ական թվականներին գրական ընթացքում ընդգրկված ուժերը: Նրանցից շատերն այսօր էլ շարունակում են ստեղծագործել կամ արդյոք ժամանակակից չե՞ն Նարեկացին, Ֆրիկը, Քուչակը, Սայաթ-Նովան …
Ինչ վերաբերվում է գրող ըմբռնմանը, ապա գրամոլն էլ է իրեն գրող համարում, եւ ամեն ինչ ժամանակի տիրույթում հստակվելու խնդիրն ունի: Եթե խոսենք անունների մասին, ոչ թե արտասահմանյան, այլ` հայ, ապա դիմառնում ենք գրող - ժամանակակից հասարակություն չկայացած հարաբերությանն ու կապին: Վերջերս կարծեմ հարցում էր կատարվել 60 – 70 – 80 - ական թվականներին ստեղծագործած եւ այսօր էլ ստեղծագործող գրողների առումով: Դպրոցականը, տարեցը, երիտասարդը, ուսանողը կամ որ նույնն է` պատահական անցորդը նշել էին Պարույր Սեւակին, Հրանտ Մաթեւոսյանին, Ռազմիկ Դավոյանին, ապա` Վիոլետ Գրիգորյանին: Այս համատեքստում, եթե չհաշվենք անցյալի արտասահմանյան գրականությունը, ապա ժամանակակից արտասահմանցի գրող եւ ժամանակակից հայ գրող եզրերը նույնանում են, քանի որ հասարակությունը երկուսին էլ չի ճանաչում:
Երբեմն` ինչպե՞ս կհատկանշեք ժամանակակից գրականությունը հարցին ուսանողները պատասխանում են ինչ-որ դպրոցական անգիր արած կաղապար-թոթովանքների կամ անցյալ դարից մնացած շաբլոն իմացությունների միջոցով, որոնցում իսպառ բացակայում է սեփական դատողությունը: Երեւույթ, որ մի կողմից գետտո է հիշեցնում (ուսուցիչ - աշակերտ - հասարակություն) եռանկյան օրենքներով ու սահմաններով, մյուս կողմից Ոչինչն է, մշակութային արիթմիան, որ վտանգ է ծնում, ու եռանկյանը մոտենալը դառնում է սարսափելի, քանզի հասկանում ես, որ դու` դու ես, բայց քո կողքին կա մի այլ իրականություն, որ խորթ է այլեւս:

-Վերջին ժամանակներս կարծես թե ամեն ինչ ստեղծվել է գրող - հասարակություն փոխգործակցության համար` մրցանակներ, հեռուստաեթեր, գրաքննությունից անկախ տպագրություն, նույնիսկ տարբեր հեռուստաշոուներում են երեւում գրողները եւ այս ամենին զուգահեռ գրականության` որպես արժեքի գնահատման նիշն ընկած է առայժմ, ուրեմն ո՞րն է խնդիրը:

- Երբ ասում ենք գրող-մրցանակակիրներ, հավատում ենք ու խոստովանում, որ այնուամենայնիվ անհրաժեշտ են գրողի մոնումենտալ կերպարներ, որոնք, ի դեմս առանձին գրողների` Պերճ Զեյթունցյան, Նորայր Ադալյան, Լեւոն Խեչոյան, Վիգեն Խեչումյան, Գուրգեն Խանջյան, Վարուժան Այվազյան, Ռուբեն Հովսեփյան եւ այլք, կան:
Սակայն այդ մոնումենտալությունը այլոց դեմքով երբեմն փոխակերպվում է կեղծ անձնապաշտության, որ հետո շրջվում է ընթերցողի դեմ որպես շատ-շատ տարօրինակ անաքրոնիզմ, իսկ այս դեպքում գուցե պետք չէ՞ խաբենք մեզ: Այդպես 2010 թվականի «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակի դափնիներով շղարշված մի տիկին` արձակամիֆանաղլական ժանրով գրողներից, ով տառապում է հայ գրականության սյուներից լինելու ցնդախտով, Երեւանի բոլոր անկյուններում պատմում է, թե ՀԳՄ - ում  հանճար են անվանել իրեն, բայց ահա հեռուստատեսային համապատասխան հաղորդումների ժամանակ, չգիտես ինչու, լռում են այդ մասին: Ու տիկինն այդպես էլ չի կողմնորոշվել` հանճա՞ր է ինքը, թե՞… Այս դեպքում երկու` «հանճարի» ու «մոնումենտալության» գաղափարները դիմառնում են արդի գրական քաղաքականության արժեհամակարգի նիշերի նվազմանը: Այս պարագայում Չարենցը գուցե ցուցամատը մոտեցներ շուրթերին ու ասեր` սը՜սսսս….
Կան գրողներ էլ, որոնց թվում է, թե հեռուստաեթերից որքան շատ աղբ թափեն մյուս գրողի հասցեին, իրենց «հանճարն» այնքան վերելք կապրի… Մյուսն էլ արձակի քննարկում է կազմակերպում: Հրավիրված գրականագետներից մասնակցում են երկուսը միայն, սակայն դա չի խանգարում նպատակասլաց տիկնոջը գրել նաեւ բացակաների անունները ու  հղել հանրապետության տարբեր թերթերի: Սրանք հանգամանքներ են, որ մեզ մոտեցնում են մեր իսկ նկարագիր-խեղճությանը. մեկի անունը տրվեց, մյուսինը` ոչ, մեկին` շատ, մյուսին` ոչինչ, մեկին երկու ոտքով կանգնելու տեղ, մյուսը կարծես թե ոտքեր չունի, երրորդին` իշոտնուկ, չորրորդին` ոչինչ… Խե՛ղճ ենք, խե՛ղճ, որովհետեւ 21-րդ դարում բամբասանքը շրջանառվում է դեռեւս մեր արյան հետ ու ձեռք է բերել գրական պոռնկության գենետիկ հատկանիշներ: Այդպես էլ գրում են, պատմվածքից մի թել քաշես` տասը կարկատան-բամբասանք կթափվի…

- Այս դեպքում կարելի՞ է ասել, թե համընկնում են անձնական շահ - գրականության շահ եզրերը:

- Անձնական շահ - գրականության շահ եզրերն ընդհանրապես չպետք է համընկնեն. անընդունելի է, երբ գրողը խոսում է գրականությունից, սակայն ինչպես ասում են, ձին կապում իր ախոռում եւ անվանարկում ընկերոջը` մոռանալով, որ կարյերիստության սեփական թատրոնում ինքն իրեն վստահել է Հուդայի դերը, ու հենց նոր 30 արծաթով վաճառեց մի լավ գրողի, եթե ոչ` ընկերոջը: Հասկանում ես, որ Աստծո գառան դիմակի ու նրա դիվային էության միջեւ նույն մարդն է` նսեմ, ստոր ու ճղճիմ… Այդպիսի գրողը լավ գրականություն ստեղծել չի կարող:

-Մեր օրերի գրականությունը դուրս է որոշակի կաղապարներից, ուռկանային  քաղաքականությունից, սակայն սոցռեալիստական համահարթեցումը կարծես շարունակում է դեռեւս տեղ զբաղեցնել…

- Գրականության եւ, մասնավորապես, պոեզիայի ըմբռնումը որպես հրաշքի, որը ընթերցողի համար գրողական ճշմարիտ կեցվածքի կամ պատվախնդրության հարց էր, վաղուց սպառել է իրեն: Լավ գրողներն, իհարկե, շատ են, սակայն խնդիրն ընթերցողինն է, ով չի գիտակցում, որ տեղի է ունեցել երկու մշակույթների տարանջատում (1990 - ականներից առաջ եւ հետո)` վերջ դնելով իսկական մտավորականների ժամանակաշրջանին եւ սկզբնավորելով նոր, ինտելեկտուալ այլ ոլորտ, որը ձեւաքանդում է սոցռեալիստական քաոսը, եւ հայտնվելով այլ քաոսի տիրույթում, վերակազմավորում է այն տիեզերքի սահմաններում:
Սրան զուգահեռ սպառողական շուկայում ի հայտ է եկել, այսպես կոչված, մանիպուլյացիոն արտադրանք եւ ոչ թե գրականություն, որը գնալով վտանգավոր է դառնում եւ որում բացակայում է տվյալ հեղինակի գեղագիտական ըմբռնումների համակարգը: Այդպիսի non-հեղինակներ են Կարինե Աղաբեկյանը (Երեւան), Ժաննա Հակոբյանը (ԼՂՀ) եւ ուրիշներ:
Ժամանակակից մարդու (այստեղ` գրողի) զգայական-հոգեւոր այդպիսի մուտացիաներն էլ իրենց ուղղակի ազդեցությունը կարող են թողնել գրականության վրա, որը շատ վտանգավոր ու առավել խորքային երեւույթ է, քան կարծում ենք, ուստի այսօր խոսելով գրականության մասին, այնուամենայնիվ վախենում ենք, քանզի վտանգները նույնն են, ինչ խորհրդային ժամանակներում:

- Կարծիք կա, որ ֆրանսիական նորագույն պոեզիան ձեւավորվեց 20-րդ դարի 50-60-ական թվականներին, եւ որ ֆրանսիական պոեզիայում այդ տարիներին տեղի ունեցավ հերթական հեղափոխությունը: Ի՞նչ կասեք 1990-ականներից հետո ձեւավորվող հայ պոեզիայի եւ նրա զարգացման միտումների մասին:

-Ժամանակակցությունը (contemporary) իր մեջ պահպանում է դեռեւս մոդեռնի գաղափարը, ինչպես որ վերջինս իր ներսում սաղմնային վիճակում մշտապես կրել է պոստմոդեռնի գաղափարը, թեպետ երկուսն էլ ժամանակային առումով բավական տարբաժանված են, ինչպես անգլո-ամերիկյան այսօր (today) հասկացությունն էր 20-րդ դարի 2-րդ կեսին ստեղծվող արեւմտյան գրականության տիրույթում նոր իմաստ ձեռք բերում: Ահա այս համատեքստում ըմբռնելի են գրող-ժամանակակից եւ ժամանակակից-գրող եզրերը, որոնց կողքին շրջանառվում են նաեւ «արդի հայ գրականություն», «մեր օրերի գրականություն», «ժամանակակից գրականություն» արտահայտությունները, թեպետ դրանք գործառվող միֆեր են միայն, քանի որ կան ուղղակի գրող ու պոեզիա ըմբռնումները, որոնք սնվում են ավանդույթից եւ նորոգվում անընդհատ, ինչպես ամեն կենդանի օրգանիզմ:
Այս ամենին զուգահեռ գոյություն ունեն նաեւ գրականության, այսպես կոչված, սահմանային տարածքներն ապահովող գրողներ, ովքեր իրենց գրողական գոյությունն ապահովում են ոչ թե ստեղծածի ծանրության ու լրջության հաշվին, այլ ժամանակի պտույտում առկա բաց տարածության. խոսքս այսօրվա միջին սերնդի մասին է, թե՛ արձակի, եւ՛ թե պոեզիայի ժանրերում: Արեւմտյան գրականագիտությունը սույն երեւույթին marginal անունն է տվել: Սա փաստ է, որը կապված է 1988-2000 թվականներին տիրող քաոսային իրավիճակի զարգացումների հետ, երբ գրողի հերոսական կերպի ոչնչացմանը զուգահեռ ի հայտ եկավ նրա նոր կերպը` հիացմունքի, խոնարհումի ու ծափահարությունների պահանջներով. օպերայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքների հոգեբանությունը փորձեցին տեղափոխել գրականություն: Թեպետ այս պրոցեսն այսօր առկա է բոլոր բնագավառներում, եւ իրականանում է հիմնականում մարդու հոգեւոր տիրույթում կատարվող տեղեկատվական ու հոգեբանական պայթյունների արդյունքում, որոնք էլ դառնում են ձեւաքանդող տարբեր իրողությունների պատճառ:

- Սահմանայնության այդպիսի պատկերը կարելի՞ է ընկալել որպես ճգնաժամ, եւ ունե՞նք արդյոք հայերեն լեզվով ժամանակակից արտասահմանյան գրականության գրադարան:

- Միանշանակ ոչ, որովհետեւ այսպիսի տեսակետների ու հայացքների (ավարտ, ճգնաժամ կանխագուշակող) մարդկությունն առնչվել է բոլոր ժամանակներում, ավելի վատ դեպքեր էլ են եղել, ու հասարակությանը միշտ էլ թվացել է, թե գրականությունը ճգնաժամի մեջ է: Սակայն սա նորմալ վիճակ է հատկապես պոեզիայի համար, այն միշտ է ճգնաժամի մեջ, որովհետեւ պետք է անցնի հոգու տիրույթով, որի ճանապարհին փոխվում է ամեն ինչ. նրա ընկալումը, ըմբռնման սկզբունքները, տեղեկատվական տիրույթը, նշանները, գաղտնագրերը եւ ամենեւին էլ պետք չէ ասել, թե ոչինչ չի իրականանում եւ ճգնաժամ է:
Հրաշալի հայ պոեզիա ունենք այսօր ` Հենրիկ Էդոյան, Արեւշատ Ավագյան, Հովհաննես Գրիգորյան, Հրաչյա Թամրազյան, Հակոբ Մովսես, Ավագ Եփրեմյան: Նրանք բոլորն էլ տարբեր են իրենց գեղագիտական հղումներով, սակայն միասնականության մեջ դիտելիս բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվում: Այլ հարց է` ճանաչում են նրանց, թե չեն ճանաչում, որն  առավելապես տեղեկատվական ոլորտի հետ է առնչվում:

- Եթե 1990-ական թվականները վերցնենք որպես ելակետ թարգմանական գրականության բնագավառում, ապա կտեսնենք, որ ունենք խորհրդային եւ հետխորհրդային տարիների թարգմանական  գրականություն, միմյանցից տարբեր ճաշակով, ոճով, թարգմանական մոտեցման շեշտադրումներով: Ինչպե՞ս կբնութագրեիք այս երեւույթը:

- Դուք իրավացի եք, այստեղ եւս նկատվում է տրոհում` 1990-ականներից առաջ եւ հետո, եւ դա միայն թարգմանական գրականության բնագավառում չէ: Այդ խնդիրը նկատվում է նաեւ արդի հայ գրականության զարգացման միտումներում, որը բացատրելի է ոչ միայն 90-ականներին ունեցած քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային խնդիրների, այլեւ հոգեբանական գործոնի քայքայման արդյունքում տեղի ունեցած ամայության ու աղճատման տեսանկյուններից:
Վերջին տաս-տասներկու տարում (2000-2012) նկատվում է առաջընթաց համաշխարհային ճանաչում ու մեծ հեղինակություն ունեցող առանձին հեղինակների բնագրային թարգմանությունների առումով, ինչպես` Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» (որն ուղղակի աննախադեպ նվեր էր մեր հասարակությանը) Սամվել Մկրտչյանի, Պաստեռնակի բանաստեղծությունները` Հրաչյա Թամրազյանի, Հյոլդերլինի, Գեորգ Թրակլի բանաստեղծությունները` Հակոբ Մովսեսի, Դոստոեւսկու երկերը` Արմեն Հովհաննիսյանի, Բրոդսկու ստեղծագործությունները Ավագ Եփրեմյանի, հին եգիպտական պոեզիայի ընտրանին Հենրիկ Էդոյանի կամ անգլո-ամերիկյան պոեզիայի երկու ընտրանիները` Սամվել Մկրտչյանի եւ Արտեմ Հարությունյանի թարգմանություններով եւ այլ գործեր:
Ինչ մնում է ժամանակակից արտասահմանյան կամ ռուս գրականության հետ ծանոթությանը, ապա անվիճելի է, որ շփումը նրա հետ ընդհանրապես չի կայացել, քանզի բոլորովին նոր` 21-րդ դարի արտասահմանյան կամ ռուս գեղարվեստական գրականություն առայժմ տեսանելի չէ:
Շատ ընթերցասերներ էլ ժամանակակից ռուս կամ արտասահմանյան գրականությունը բացահայտում են այլ հեղինակների միջոցով` Խուլիո Կորտասար, Գարսիա Մարկես, Լուիս Բորխես, Մանդելշտամ: Անհնար է այս համատեքստում չհիշատակել «Սարգիս Խաչենց» - «Փրինթ Ինֆո» հրատարակչությունների գործակցությամբ լույս տեսած համաշխարհային արվեստի եւ փիլիսոփայության մատենաշարը (Պոլ Վալերի, Օգյուստ Ռոդեն, Էժեն Դելակրուա, Վան Գոգ, Սեզան, Գոգեն, Խուան Միրո, Կանդինսկի, Հայզինգա, Պլատոն, Կանտ, Ֆերդինանտ դե Սոսյուր, Դեգա, եւ այլք) Սերգեյ Ստեփանյանի, Էդվարդ Աթայանի, Արուս Բոյաջյանի, Արա Խաչիկօղլյանի, Հենրիկ Բախչինյանի, Ամալյա Մուրադյանի, Սամվել Ղռաթյանի եւ այլոց` տեքստի զգացողության անօրինակ թարգմանություններով: Անչափ կարեւորում եմ նաեւ Սամվել Մկրտչյանի խմբագրությամբ լույս տեսնող «Արտասահմանյան գրականություն» ամսագիրը, որի դերն ու նշանակությունը անուրանալի է մեր մեր օրերում:
Սույն անունները նշելիս, սակայն, նկատի ունեմ առանձին անհատների կամ հրատարակչությունների, որոնցից շատերն իրենց միջոցներով կամ հովանավորչությամբ են լուծում տպագրության խնդիրները, այլ կերպ` չկա պետական մոտեցում այս խնդրին, քանզի լայն առումով չունենք թարգմանական դպրոց: Գիտեմ, որ բուհերում ինձ հետ չեն համաձայնի, քանի որ կան համապատասխան  ֆակուլտետներ, եւ անցնում են համապատասխան առարկաներ, ուրեմն ինչո՞ւ տվյալ ֆակուլտետն ավարտող մասնագետը պետք է ստիպված լինի պատվերներ հայթայթել եւ ոչ թե ստանալ, եւ ուրեմն ինչո՞ւ պատվիրատուն պետությունը չէ` ի դեմս Մշակույթի նախարարության, ինչո՞ւ չկա պետական հոգածություն, ինչո՞ւ չկան աշխատատեղեր` համապատասխան աշխատավարձով, հարցերը մնում են առկախ: Ահա այս լաբիրինթոսում կորչում է մի շատ կարեւոր երեւույթ` պրոֆեսիոնալությունը:

- Խոսենք  եւս մի կարեւոր ֆենոմենի` թարգմանական տեքստ - թարգմանիչ - ընթերցող կապի մասին:

- Եթե որեւէ մեկը մտածում է, թե թարգմանությունն անհատական խնդիր է, չափազանց սխալվում է, քանզի յուրաքանչյուր թարգմանիչ, կարծում եմ, պատասխանատու է թե՛ իր փոխարեն, թե՛ ընթերցողի, եւ թե՛ այն հեղինակի, ում թարգմանում է:
Անժխտելի է նաեւ, որ յուրաքանչյուր տեքստում թարգմանիչը ներդնում է սեփական հոգու մասնաբաժինը, ինչո՞ւ չէ` ժամանակը, թեպետ այդ «կորուստն» անպայման փոխլրացվում է տիեզերական-հոգեւոր այն ֆենոմենով, որ նա գտնում է լավ հեղինակի գործերը թարգմանելիս: Այս կերպ նաեւ նա նույնանում է թարգմանվող հեղինակին, մտածում նրա նման, ուսումնասիրում մշակույթը, որի ծնունդն է տվյալ հեղինակը, անցնում լաբիրինթոսներով, որով գնացել է տվյալ գրողը` երկի մտահղացումից իրականացում ճանապարհին, որքան էլ չհամընկնեն նրանց` տարածության ու ժամանակի ընկալումները:
Ի վերջո, ձեւավորվում է մի մեծ լաբորատորիա, որտեղ ամեն ինչ կա` նոր մշակույթ, նոր բառապաշար, նոր հոգեվիճակ…Այս երեւույթն անշուշտ խթանում է նաեւ տեղական գրականության զարգացումը, իհարկե` տարբեր ազդեցություններով, նույնիսկ` վատ:

-Եթե փորձենք գնահատել քիչ թե շատ կատարվող թարգմանությունների լեզուն եւ որակը, ապա ի՞նչ պատկեր է ստեղծվում, կա՞ն բնագրային վատ թարգմանություններ, չէ՞ որ կարծիք կա, թե թարգմանական գրականությունը հարստացնում է բառապաշարը, հղկում լեզուն:

- Խորհրդային տարիներին օտար լեզվի թվացյալ լավ իմացության պայմաններում նույնիսկ Հայաստանում թարգմանվում էր այն, ինչ թույլատրում էր գրաքննությունը: Ինչո՞ւ եմ ասում թվացյալ, որովհետեւ շատ հեղինակներ թարգմանությունը կատարում էին ռուսերենից, բայց տիտղոսաթերթին գրում էին` թարգմանությունը` բնագրից, ասենք օրինակ` իսպաներենից: Այսօր օտար լեզու սովորելու նորից թվացյալ աշխուժության մեջ թարգմանության մեծ խնդիրներ ունենք, իսկ ռուսերենն ընդհանրապես այնքան է օտարացել, որ այս տարի ի վերջո ընդգրկվել է բուհական ընդունելության օտար լեզուների ցանկում, քանզի  շատերը նույնիսկ ռուսերեն տարրական - առօրյա հաղորդակցության չեն տիրապետում, էլ ուր մնաց` թարգմանություն կատարեն:
Բնագրային վատ թարգմանություններ, այո, կան, որովհետեւ ընթերցելով երկը, հասկանում ես, որ թարգմանիչը հայոց լեզվի իմացության խնդիր ունի կամ  թարգմանվող լեզուն գուցե ավելի լավ գիտի, քան` հայերենը, որի արդյունքում ստացվել է ինչ-որ կծկված-աղճտված թարգմանական տեքստ, որը լի է կետադրական եւ ուղղագրական, շարադասական,  իմաստային ու ոճաբանական սխալներով, այլ կերպ` հայոց լեզվի զրոյական գրագիտությամբ: Երբեմն հանդիպում ես նաեւ սիրողական մակարդակի. թարգմանված տեքստում բացակայում են ծանոթագրությունները կամ հղումները, երբեմն օժանդակ բայերը կամ տեքստը այնքան են հեռանում բնագրից, որ երբ ընթերցում ես նույնի` օրինակ անգլերեն տարբերակը, միայն ինչ-որ աղոտ աղերսներ ես գտնում երկու տեքստերի միջեւ: Ես էլ ձեզ եմ հարց ուղղում` ինչպե՞ս հղկվի լեզուն կամ հարստանա բառապաշարը, երբ հույսը ընթերցողն է:

- Իսկ ո՞րն է պատճառը այդպիսի քաոսի. չկան պատվերնե՞ր, թե՞ պրոֆեսիոնալ թարգմանիչներ: Ինչպիսի՞ մոտեցում են ցուցաբերում հրատարակիչները:

- Խորհրդային շրջանում կային պատվերներ եւ պրոֆեսիոնալ թարգմանիչներն ավելի շատ էին, քան այսօր, սակայն այն ժամանակ էլ ամեն ինչ ենթարկվում էր գրաքննության ճնշմանը. լավագույն երկերից հանվում էին լավագույն կտորները, իսկ շատ ու շատ լավ գրողների բացահայտում ենք միայն այսօր, այն էլ` շնորհիվ ռուս թարգմանիչների: Օրինակ` մինչ օրս ծանոթ ենք Աստրիդ Լինդգրենի «Կարլսոնը, որն ապրում է տանիքում» մանկապատանեկան գրքին` ըստ հրամցվածի, սակայն պարզվում է, որ ընթերցել ենք միայն այն տարբերակը, որը թույլ են տվել` մաքրած-փայլեցրած: Իսկական երկը, որ տպագրվեց 2007-ին ռուս թարգմանչի շնորհիվ, ամենեւին էլ նման չէ մեր ընթերցածին:
Գրաքննության բացակայությունը` չաղճատված երկ ընթերցելու պայմանով, եթե ճիշտ օգտագործվի` ճաշակով գրականություն թարգմանելու համար, իհարկե, կշահենք: Եվ եթե լինեն հրատարակիչներ ¥ճաշակով իհարկե), ովքեր կզբաղվեն թարգմանության հարցերով` ռուս եւ արտասահմանյան գրականությունների պատվիրման, տպագրության, իրացման, ինչպես նաեւ` տեղականի արտահանման, ապա դա կդառնա այն տարբերակներից մեկը, որի միջոցով հասարակությունը կարող է լինել տեղեկացված ու կիրթ, եւ այդ դեպքում տեղացի գրամոլը, գուցե, դժվարանա մոլորեցնել սովորական ընթերցողին:
Սակայն հրատարակիչները տպագրում են միայն այն, ինչ ներկայացնում է թարգմանիչը, այն էլ` երբ համընկնում են նրանց ճաշակները: Սա մի կողմից լավ է, իսկ մյուս կողմից` ամեն թարգմանիչ կամ հրատարակիչ չէ, որ ճաշակով է: Ու քանի դեռ չկան էական պատվերներ, չեն լինի նաեւ թարգմանիչ - պրոֆեսիոնալներ:
Այս երեւույթն է պատճառը, որ թարգմանական քաոս է տիրում նաեւ մասնագիտական գրականության բոլոր բնագավառներում` գրականագիտության, տնտեսագիտության, բժշկության, լրագրության, փիլիսոփայության եւ այդպես շարունակ… Թյուր կարծիք թող չստեղծվի, թե գրականագետը կամ գրողը չի հետաքրքրվում փիլիսոփայությամբ, բժշկությամբ, հոգեբանությամբ, աստղագիտությամբ կամ այլ ոլորտներով:

-Մի վերջին հարց` ինչպե՞ս եք վերաբերվում գրող-թարգմանիչներին, գիտեմ, որ դուք նույնպես թարգմանում եք, կխոսե՞ք Ձեր թարգմանած հեղինակների մասին:

- Ինձ համար զատորոշելի են ոչ միայն պրոֆեսիոնալ թարգմանիչ, այլեւ գրող-թարգմանիչ եւ պոետ-թարգմանիչ եզրերը, քանզի բանաստեղծը սովորական թարգմանիչ չէ (ու վերը նշած բոլոր հեղինակներն էլ բանաստեղծներ են), քանզի պոետական թարգմանություն կոչված թվացյալ պարզ երեւույթի ներքո թաքնված է բանաստեղծի երեւակայության թռիչքն ու բանաստեղծական գյուտը, որը տարածության ու ժամանակի մի որոշակի հատվածում փոխակերպվում է անգերազանցելի հաղորդակցական միջոցի` ընթերցողին նույնպես փոխադրելով այդ նույն աշխարհը: Բառերս կարող են սովորական թվալ, քանի որ միայն պոետին են հասու բանաստեղծության թարգմանության գաղտնիքները, քանի որ նրա ու թարգմանված տողի միջոցով է հնարավոր միայն պահպանել ու ընթերցողին հաղորդել տվյալ մշակույթի էներգիայի տիրույթը:
Մյուս կարեւոր առանձնահատկությունը թարգմանական հոտառությունն է, որ պոետի մոտ այլ է, սովորական թարգմանչի մոտ` այլ. ազատության այլազան որակները նկատի ունեմ: Եթե այս մոտեցումները կարողանում է պահպանել թարգմանիչը, կրկնում եմ` պոետ-թարգմանիչը եւ խոսքս բանաստեղծության գեղարվեստական թարգմանության մասին է, ուրեմն թարգմանված քերթվածը ծառայում է նպատակին, եւ ընթերցողին հասու է դառնում տվյալ մշակույթը կրող հեղինակը:
Կատարածս աշխատանքների մասին չեմ սիրում խոսել, թեպետ համաշխարհային գրականության կարեւորագույն նմուշներից են, ուղղակի կնշեմ հեղինակներին, որոնց ստեղծագործությունները թարգմանել եմ` Խուլիո Կորտասար «Խոսեք, դուք ունեք երեք րոպե», Ե., 2009: Ալֆոնսինա Սթորնի «Թռիչք մեռած հողում», Ե., 2010: Խորխե Կարերա Անդրադե «Լուրեր ծովից ու ցամաքից», Ե., 2011 եւ կհավելեմ, որ երեքն էլ բանաստեղծությունների ժողովածուներ են, երեքն էլ տպագրել է «Լուսակն» հրատարակչությունը:

-Որպես ամփոփում`արդյոք բոլորովին տարբեր հարթություններո՞ւմ են այսօր պոեզիան ու արձակը, թարգմանական, լրագրողական ու մասսայական, թերթոնային ու համացանցային գրականությունները:

- Առայժմ կարելի է ձեւակերպել այսպես` սրանք նոր գոյակերպեր են` նոր մոտեցմամբ ու նոր հայացքներով տարաշխարհիկ իրականություններ, որոնք թեեւ զարգացման փուլերում են, բայց դեռեւս կարգավորված չեն եւ նոր վերաբերմունք են պահանջում տարբեր բեւեռներից` ուղղակիորեն առնչվելով մարդ ֆենոմենին, որն առավելապես հարաբերվում է մետապատմական ըմբռնումներին, հետեւաբար եւ այս մասին երկխոսությունն առայժմ պետք է հետաձգել:

Հարցազրույցը պատրաստեց` Աշխեն Մնացականյանը

 

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ