>>> ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐ ԲԱՌԵՐ`ՈՂՈՂՎԱԾ ԼՈՒՅՍՈՎ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ

Naira Hambardzumyan

ԲԱՌԵՐ`ՈՂՈՂՎԱԾ ԼՈՒՅՍՈՎ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ

Էլ.փոստ Տպել PDF

Նաիրա Համբարձումյանը սերնդակից գրողների շարքում առանձնանում է իր ինքնատիպ ձեռագրով, թարմ, յուրովի մտածելակերպով:

Վերջերս լույս է տեսել նրա երրորդ` «Ես բառ եմ դարձել» գիրքը:

Ժողովածուի թե՛ խորագիրը, թե՛ բաժնների անվանումները խորհրդանշական վերնագրեր են կրում, «Արեւային թռչուն», «Սաղմոսների երկնքի տակ», «Միթեւանի հրեշտակը» եւ այլն:

Հեղինակի շուրթերից պոկված բառերը` ողողված լույսով ու բարությամբ, ոսկեզօծ շղթա կազմելով, ստեղծում են մի խորունկ, կախարդական աշխարհ, ուր ընթերցողի հետ անկեղծ զրուցում է բանաստեղծուհին, բացում իր հոգու գաղտնարանները, ծանոթացնում իր զարմանահրաշ աշխարհին, ուր տողերի արանքում արեւներ կան, անսահման սեր ու կարոտ, մարդկային մենությունը փարատող «դեղատոմսեր», տագնապի ու սպասման,մաքուր, անկեղծ զգացումներ եւ բազում երազներ...


Երբ պատուհան չկա,

Ես երկնքին եմ նայում քո` աչքերի միջով

Ու լույս եմ գտնում:



* * *

Ամեն երեկո

Մայրամուտի հետ ծրարվում եմ ես,

Ամեն առավոտ

Արշալույսի հետ բացվում եմ նորից...



* * *

Երբ ապրում է բառը

Բանաստեղծը նրա ապրումից

Ճոճք է կապում`

Անցյալից հավերժություն,

Եվ սանդուղքներ ձգում մենության փողոցներում...



* * *

Քո չլինելով հասկացա,

Որ կողմից նայեմ լուսնին...

Եվ ինչ որոնեմ:

Քեզ կորցնելով հասկացա,

Որ կյանքը մեկն է,

Ապրածդ անցած, ուրիշ չի լինում:

Քեզ չունենալով հասկացա`



Այսօրն այսօր է,

Ու երբ դու չկաս,

Ամոքումից մնում է լոկ`

Սփոփանքի փոքրիկ փաթիլ...

Բանաստեղծությունները սիրո դրսեւորման յուրահատուկ բնութագրումներով, կարոտի սպասման, աշխարհընկալման յուրօրինակությամբ, խոհա-փիլիսոփայական խորությամբ անմիջապես գրավում են ընթերցողի ուշադրությունը:

Համբարձումյանը կարողանում է բացահայտել մարդկային հոգում ապրող խորհրդավոր գաղտնիքները, զարմանալիորեն ներդաշնակել խոհն ու զգացմունքը:

Լույսի հրդեհումից են ծնվում բառերը,

Ու չասված խոսքերը հրաբուխներ են ժայթքում,

Ես մարդն եմ, տիեզերքը, մոլորակը լույսի

Որոնց միախառնումից

Երկնքի մշտաբնակ աստղերը,

Հաճախ իրար սեր են խոստովանում:

* * *

Գիշերը դեռ չի հասցրել փեշը հավաքել,

Բայց ցայգալույսը արդեն

Կայծկլտում է լուսամուտիս

Աչքս ճանապարհիդ է,

Ու թե հիշողությունս չի դավաճանում`

Կյանքիս աղբյուրը կյանքն է կրկին:

Նրա տողերից հառնում է կինը` իր առեղծվածային կերպարով, կանացիությամբ, հոգեբանական խորությամբ ներկայացվում է մեկ սիրուց երջանիկ, մեկ սիրուց տառապող կնոջ էությունը:

Բանաստեղծություններում բառի ու պատկերի հետաքրիր բացահայտումներ կան:

Մի հեռու գաղտնիք

Թեւում է հեռվում:

Անու՞նս,

Անունս ափերիդ մեջ ես առել,

Երկար մատներդ շոյում են նրան,

Այն խնձորենու ծաղիկների պես,

Որից գիշերը պիտի մայրանա

Նու՜յն խնձորենին,

Իսկ հետո ծնվեց առավոտը մեր

Երբ մայրամուտը հոգնեց ճախրելուց:

* * *

Միայն դու կարող ես

Իմ ժպիտով ողողել

Աստղաբույլերրը բոլոր,

Միայն դու կարող ես

Ջնջել կորուստներն անցյալիս,

Եվ անքնությունից հեղձվող գիշերներիս

Ազատություն շնորհել:



* * *

Երբ հոգիս նմանվում է

Անսովոր խեցու

Իմ աչքերից պոկված աղոթքներով

Ես հավատքի եմ կոչում

Բոլոր փակ պատուհանները`

Իմ բառերում թաքցրած

Մարգարիտների համար:

Բանաստեղծուհին կարողանում է սիրտ ու հոգի տալ իր մտքի թռիչքներին, որոնք դառնում են գեղեցիկ պատառիկներ` ծնված կնոջ ջերմությունից, լույսից, հավատից, ընթերցողին վարակելով կենսուրախությամբ, լավատեսությամբ:

Արեւը ծնվեց

Իմ հավատքի եւ վստահության

Փոքրիկ գաղտնիքներից...



* * *

Դու ինձ նվիրեցիր

Ամենից գեղեցիկը աշխարհում՝

Քո սերը.

Մեզանից այն կողմ

Հորիզոնը աչքերը խոնարհել,

Լույսի ճանապարհ է բացում.

Եվ սերը երկինք է բարձրանում,

Որով մարմինը

Լուսավորվում է:



Նրա որոշ բանաստեղծություններում գերիշխում է թախիծը, տխրությունը, աշնան երանգները, բայց այդ հուսահատության վայրկյանները կարճ են տեւում, այցելության են գալիս մանկության անգին հուշերը, թրթռուն երազները, կյանքը` իր հրաշալիքներով:

«Կարմիր հովտաշուշան» խորագիրը կրող բաժինը մի շարք տրամադրությունների հանրագումար է` բանաստեղծուհու հոգեկան խռովքը, դժգոհությունը դառը իրականությունից, ժամանակի տարեգրություն, քաղաքական անցուդարձ, մտորումներ մահվան առեղծվածի շուրջ, յուրահատուկ վերաբերմունք հայրենի մասունքների հանդեպ, փիլիսոփայական մեծ ընդգրկումներ եւ պարզաբանումներ:

Երկրային կյանքում մարդը շարունակ որոնումների եւ մտորումների մեջ է:

Սահմանների եւ կաղապարների մեջ շղթայված նա անվերջ ձգտում է անսահմանին, հակադրությունների ու աններդաշնակության շրջապտույտում փորձում է արարել իր բաժին կատարելությունը` այն պահ տալով ժամանակին: Գրքի հեղինակն էլ փորձում է թափանցել տիեզերքի անծայրության մեջ, սուզվել երկնային գաղտնիքների խորքը, խորհել ու երազել:

Տե՛ր, թող վերածնվի անմեղության

Պատրանքը կրկին,

Քանի դեռ

Փոթորիկները կյանքի

Երջանկության առագաստները քշում են

Հողմացրիվ արագությամբ:

Քանի դեռ թփից պոկված իրավազուրկ

Եվ միամիտ մի հովտաշուշան

Սովորական անհայտ կյանքից ճոճքով թեթեւ

Սրտատրոփ սպասում է,

Նոր հրաշքի վերածնման:

Ես սպասում եմ ՀՐԱՇՔԻ...

Հեռուներից, շատ հեռուներից եկող հրաշքի:

Բանաստեղծուհու աշխարհը մաքուր է,թափանցիկ, երբեմն էլ բարդ, թանձր վարագույրով պատված:

Նրա տողերը խորքեր ունեն, որ հարուստ են գունազարդումներով, անկրկնելի պատկերներով, որոնց հեղինակն անշուշտ շնորհալի է, մտքով, ներաշխարհով, զգացմունքներով շռայլ:

Դրա վառ վկայությունն են նրա բանաստեղծություններից քաղված հետեւյալ արտահայտությունները. «Լուսինն իր ուռկանն է գործում», «Ձյան մաքրությունից ու արեւի ջերմությունից են ծնվում աշխարհի բոլոր մանուկները», «Գիշերվա փեշը կարճացել է», «Աստղերը հոգնել են պահակություն անելուց», «Ես բառեր գրեցի ու արեւից աղավնիներ թռան», «Մեր հայացքի միախառնումից ծնվեցին կտավներ», «Լույսի հրդեհումից են ծնվում բառերը, ու չասված խոսքերից հրաբուխներ են ժայթքում»:

Նաիրա Համբարձումյանը հավատարիմ մնալով իր նախորդ` «Մտորումներ աշնան կեսին», «Կանաչ կառեթներ» ժողովածուների ոգուն, ավելի է խորացրել իր մտորումները` հավատ ու սեր, արեւ ու լույս սփռելով մարդկանց հոգիներում:

Արմինե Մուրադյան, բ.գ.թ.,դոցենտ

 

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ