>>> ԳԼԽԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ Խուլիո Կորտասար. Փոքրիկ դրախտ

Naira Hambardzumyan

Խուլիո Կորտասար. Փոքրիկ դրախտ

Էլ.փոստ Տպել PDF

Երջանկության ձեւերը շատ տարբեր են, ու պետք չէ զարմանալ, որ գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկնում են ոսկե ձկնիկները: Կոպիտ ասած, այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են նրանք փայլում ու ինչ կայտառ են, եւ դու ցանկանում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ դա, երբ ինչ — որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու նրանք սկսեցին արագորեն բազմանալ բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Այդ պատճառով, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը եւ ներարկման գործողությունը սահմանված են օրենքով:

Այսպիսով, բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ կթողնեն իրենց այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը. նրանք գալիս են այնտեղ իրենց ընտանիքների ուղեկցությամբ: Ձեռքի երակներին միացնում են փողակը, այն թափանցիկ երակի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչեւ որ նրանք, մեկը մյուսի հետեւից, արդեն անշարժ եւ կարծես թե վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում է, որպեսզի հանդիսավորությամբ նշի իրեն հասած երջանկությունը:

Եթե ավելի ուշադիր դիտենք, կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երեւակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման:

Տեսնել ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երեւում են ու անհետանում այս շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով նրանք շարժվում են:

Մշտապես հատուկ հուզմունք է ծնում միտքը այն մասին, որ քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ, այդ պատճառով էլ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` անթիվ ու փայլուն, սեփական մարմնի բոլոր մասերում. ինչպես են նրանք սպրդում գլխում, ինչպես են հոսում մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակում կամ ինչպես են իրենց անհավանական ճկունությամբ թափանցում ամենաթաքուն անկյունները մարմնի:

Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների պատկերների փուլային անցումը սրտի միջով, քանի որ այնտեղ կան երեւի թեք ոլորաններ, լճակներ ու սրընթաց հոսանքներ` հարմար խաղի ու միմյանց հետ շփվելու համար, եւ իհարկե, հատկապես այս մեծ ու աղմկոտ նավահանգստում են ծանոթանում ոսկե ձկնիկները, ընտրում են զույգեր ու միավորում իրենց ճակատագրերը:

Երբ պատանին կամ աղջիկը սիրահարվում են, նրանք մշտապես համոզված են, որ տղայի (կամ աղջկա) սրտում մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զույգմամբ:

Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. հնարավո՞ր է արդյոք պատկերացնել երջանկությունը` լի առավել ներդաշնակությամբ: Պատկերը մռայլում է սոսկ այն հանգամանքը, որ ժամանակ առ ժամանակ ոսկե ձկնիկներից որեւէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են նրանք երկար, միեւնույն է գալիս է մի օր, երբ նրանցից մեկը մահանում է, ու մարմինը նրա` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ կամ երակից որեւէ անոթ:

Երկրի բնակիչներին քաջ հայտնի են ախտանիշները, որոնք, ընդհանուր առմամբ, շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է նաեւ գլուխը: Եթե այս երեւույթը տեղի է ունենում, ապա անմիջապես հանում են ներարկման սրվակը. որոնք պահում են տանը հատկապես այսպիսի դեպքերի համար: Սրվակի պարունակության ազդեցությունից մեռած ձկնիկը հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը:

Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով, որ ոսկե ձկնիկները բազմանում են շատ արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է:

Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերելու:

Եթե արտասահմանցի դիտորդները որակում են այն որպես ծանր հարկ, ապա երկրի բնակիչները այլ կերպ են ընդունում այս ամենը, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ վճարել երջանկության համար միանգամայն արդարացի է:

Երբ խոսք է գնում աղքատ ընտանիքների մասին, որը հաճախ է պատահում, իշխանությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել սրվակները ապառիկով, վերջում բռնագանձելով կրկնակի, որը լիովին տրամաբանական է:

Եթե այս հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ — որ մեկը մնում է առանց սրվակների, նա կարող է դիմել գերհաջողակ սեւ շուկային, որին իշխանությունը, ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց, թույլատրում է ծաղկել` հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության:

Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները` մեկը մյուսի հետեւից, եւ կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Թարգմանությունը անգլերենից` Նաիրա Համբարձումյանի

 

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ