>>> ԳԼԽԱՎՈՐ ԷՍՍԵՆԵՐ Liber penitentialis *

Naira Hambardzumyan

Liber penitentialis *

Էլ.փոստ Տպել PDF

Համոզված եմ, որ, հաղթահարելով այս աղյուսները, վերջապես կարող եմ հասկանալ` ինչ է միկրոկոսմոսը ու ինչ` մակրոկոսմոսը, ու մի կերպ բռնել կյանքի կեղտոտ պտուկը, որ բուրում է մահացած աղոթքի գույժով: Այդ աղյուսները ես եմ հորինել, սա ուղղակի ելման կետ է բոլոր ճանապարհորդություններիս համար:    Վերջին անգամ` Լոնդոն:

Առանց այդ աղյուսների երբեք ոչ մի տեղ չեմ հասնի, քանի որ մեկ չափազանց վաղ է, մեկ` չափազանց ուշ, ու ես մշտապես անկեղծության կենտրոնում եմ ու մշտապես` հուսահատության եզրին, ու հոգիս դատապարտված է հավերժական թափառումների, թեպետ, գիտեմ, կարելի է եւ փիլիսոփայորեն վերաբերվել այս ամենին, որ քաղցրությունն է գարեհացի: Աշխարհը ննջում է դեռ, ու գիշերը գտնում է ճանապարհը. այն, որ չենք տեսնում, ու կյանքն այնուամենայնիվ ընթանում է` մեզ դուր է գալիս, թե ոչ, ու երբեմն-երբեմն դառնում ենք օպտիկական ճառագայթումների զոհեր, փոքրիկ-փոքրիկ, աննշան կետեր:

Սա երեւակայությունն է ջրի, որ երազում է: Ու երեւակայությունն է հողի` չվող հառաչով, այդպես Միստրալը` երգիչը Պրովանսի, արարումի մեջ համբուրում էր անունը Աստծո ու թրջում շուրթերն այլակողմ ցրտով: Վերադառնամ աղյուսներին. ագնոստիկները պնդում էին, որ մարդն ապրում է հավերժ ու մարդն անմահ է, ու ապրելու ուժը տեսնում էին ապագա չունենալու ու նրան հավատալու մեջ, ինչպես այսօր վարվում ենք մենք, ու հիշում եմ` Հիսուսի վերքերը սրբում էի քերթվածներիս գունատ թերթերով, բայց տխո՜ւր էր Աստված, ով սնվում է հիմա անդամալույծ աշնան դանդաղ մահով: Ես միշտ այստեղ եմ, ու ինձ չի սպառնում ժամանակի կորուստը. բնական զգացողություն է… Ջղաձիգ Հիսուսը` ձեռքին` ճակատագիրը մեռնող տերեւների:

Կլիմաքսի շրջանում կանայք ավելի զգայուն են դառնում, բայց այս մեկը, ով ձեռքերի սոխաբույրով ավտոպահեստամասերի խանութում բռնեց գիրքս, այնպիսի հայացք նետեց վրաս, որ ես ու մարմինս` քարացած կավի բնազդով, հայտնվեցինք հակառակ բեւեռներում: Կարելի էր իհարկե եւ հետ դառնալ, բայց աֆազիան թեթեւությունն ու ցավը խառնել էր իրար, ու ես գամվել էի տեղում, ինչպես խոնավությունը` կողոսկրերիս մեջ, ինչպես հարբած երկինքը, որ սերմերը թողնում է երկրի նեխած արգանդում: Հասկանում եմ, որ անհուսությունն ամենամեծ պատժաչափն է իրականում իսկապես ապրելու համար, որ Սիրիուսը երբեմն-երբեմն հայտնվում է Սեւ խոռոչի կենտրոնում, որ Սպիտակ թզուկները չունեն իրենց սեփական լույսը, ու տիեզերքի ջերմային մահն արտացոլվում է նախ` ծայրահեղ ամրության եւ ապա` բարիոնների հաշվին.
բայց ինչո՞ւ այնտեղ` Լոնդոնում, կանայք կլիմաքսից չեն աղավաղվում, ու գրքերը վաճառվում են գրախանութներում, ու մահը չի զարթնում հեռուներից, ու լիալուսինը մահվան երգ չի գրում:

Վերադառնամ աղյուսներին. մեր ստեղծածն այնուամենայնիվ մարմին է, ու ես գուցե մի հեռու տեղ եմ, ասենք` Հյուսիսային բեւեռում, իսկ իմ սենյակում` բանաստեղծություններիս հակառակ կողմում, արթնանում են նրանց պատկերները, ու իրերը հանգիստ ննջում են մինչեւ առավոտ, ու սիրենները չեն երգում Ոդիսեւսի համար: Իսկ Հյուսիսայինը (բեւեռը) կամաց-կամաց քայքայում է առաջին տպավորությունը: Ձեւը նույնպես քայքայվում է, ինչպես մենք ենք քայքայվում` ավտոպահեստամասերի կողքին գրքեր տեսնելով: Ժամանակը նորից սողում է` խոնավ, փսլնքոտ այտոսկրերը գետնին հպելով, խոցված գարշապարով Աքիլլեսի պես: Ոչ ոք հավերժ չի արտասվում ու հավերժ երջանիկ չէ, նույնիսկ նրանք, ում մեղրամիսը սկսվում է այսօր: Միայն մենք` Գրքով Հմայվածներս, տրված անվերջ թափառումներին, թռիչքից թռիչք ձուլվելով աշխարհին, լվացվում ենք ժամանակի սոխաբույրից, ծիծաղում ենք…. հավերժ այդ ծիծաղն էլ դառնում է պատմություն` Գրքի Պատմություն:

-  Բա՛րեւ, մա՛հ,- շշնջում եմ` հմայելով նրան ու մոտեցնում եմ վերջին սահմանին: Ջրապտո՜ւյտ է:

Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ                                                                                      
*  Գրքով հմայված (լատ.):

 

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ