Naira Hambardzumyan

APOKRIF 1

Էլ.փոստ Տպել PDF

Ես փնտրում էի,
մինչ աշխարհաստեղծությունը
որոնում էի հայացքս,
ինչպես երկրպագուները Հերայի,
ում պատկերը
թափառում է նոր աշխարհի ճանապարհներին,
և նա, ով տեսել է վարդը,
տեսել է նաև ստվերը պարականոն մեր գոյության;
Հողը անհայտությունն է,
որի ծալքերում թափառող մահը
մաքրում է հիշողությունը մեր,
երբ ծնվում ենք;

Բառերը նույնպես թափառում են
հեռացող ակնթարթների անհուսությամբ,
ինչպես մենք ենք թափառում անհայտներում
ու խոնարհվում ենք փայտե աստվածներին,
աստվածներին պատերազմների,
աստվածներին նյութերի,
աստվածներին իրերի,
ու մանուշակագույն գիշերը,
մահացողին փաթաթվող պատանքի պես,
պահպանում է դեռևս բնազդները
նույն միջավայր-աստւճանում2,
նրանց գաղտնի շշնջոցով հասունանում է սերը`
արյան, սերմերի ու հիշողության այդ մետաֆորիզը:

Եղևնին թաց դողում է դեռ կաթնալույսում.

(ըստ Շոպենհաուերի` կամքը յուրաքանչյուր
մարդու մեջ է, ed ist`3
մարդը փոքրիկ միկրոկոսմ է):

Տխուր են իրերը.
գերիները սեփական աստվածուրացության:
Գիշերվա անխոսությունը խախտում է
ժամանակի դեղին շնչառությունը միայն:

Ոչ ոք չի գնում, ոչ ոք չի գալիս.
ամեն կույր օր իր արգանդում
նոր կույր օրվա սաղմն է կրում:

Ստվերները հեռանում են գերեզմանահոտ
կանաչ բորբոսով լեցուն աթոռներից,
իսկ մուրացկանը մեռնելուց առաջ
հիշում է ամպայման պատճառի,
սկզբի ու միասնության մասին,
և այն մասին,
որ դրությունը դուրս է խաղից,
որ ինքը արքա էր ինչ-որ ժամանակ,
որ բոլորս մետամորֆոզներն ենք հի՜ն-հի՜ն,
նախաստեղծ մի պոետի, որ հասավ Բառին…
ու լռությունն իջնում է ծղոտե տանիքներին,
ու աշխարհը` ծղոտե տիկնիկների ուսերին:

Մահացածները չեն քայլում ջրերի վրայով,

փետրվարը շնչում է մահվան պես ընդհատ,
ու սենյակի անշունչ տարածությունը լցվում է
ավելի շատ համառությամբ, քան սիրով,

(մահից, միևնունն է, մարդու հոտ է գալիս,
և նա, ով տեսել է վարդը,
տեսել է նաև ստվերը սև արևի,
nescio quid majus nescitur lliade)4,

մենք ընդամենը ստվերներն ենք մեր երազների
ու աճում ենք փոքրիկ, ցածրիկ, միայնակ տների
մեր սենյակներում,
որտեղ թափառում է քամին վերջին ճանապարհից առաջ,
որտեղ փոխվում է մեր ժպիտը,
ու խաղում է արյունը մետամորֆոզներում
բացվող-փակվող մեր մատների,

այդպես դագաղն է լողում լույսին ընդառաջ,
այդպես թաղում են մեռած նավերին:

1.Պարականոն գիր;
2. Գոլ միջավայր, որտեղ բիոֆիզիկները Lactobaclius, Acidophilius բակտերիաներ են աճեցնում:
3. Կաբալիստները գտնում էին, որ մարդը տիեզերքի նշան-հայելին է:
4.Nescioquid majus nescitur llliade..Ծնվում է մի բան, որ Իլիականից.. էլ  մեծ է..Վարգիլիոսի Էնեականի մասին:

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ