‹‹Ով ինձ հետ հաց էր ուտում,
Իմ դեմ դարձավ››
‹‹Գործք Առաքելոց, ԺԳ,19››
Մահը
Որպես բուրավետ լոտոս
Հանգչում - հառնում է
Վաղու՜ց տրորված ճանապարհներում.
Այնտեղ,
Ուր արևը հայտնություն է դառնում,
Եվ արթնությունը
Մեկնաբանվում է երկրի լռությամբ:
Մահը
Որպես սահման անցանելի
Երկնքի զմռսված դարպասներին հասավ
Արևի մակույկով:
Գուշակներն անցնում են այսօր
Վաղու՜ց տրորված ճանապարհներով:
***
Մեկը աղոթում է,
Եվ անցնում է ստվերը թռչունի
Գերեզմանաքարերի վրայով:
Մեկը շրջանցում է սեփական ստվերը,
Քանզի կյանքն ամբողջովին
Քաոս է` չգրված բառերի:
Բառերը պոկվում են
Իրերի էությունից,
Դառնում են նշան:
***
Իսկ որտե՞ղ է Դուռը`
Դեպի Ոչ Մի Տեղ.
Մահը,
Որպես nelumbin nuciferum,
Հեռանում է դեպի սև հրեշտակների
Լռության ամրոցը.
Եվ ոտնահետքերը նրա`
Դեղին nelumbo,
Ծաղկում են
Խարխլված մայթի
Ու հողի
Սառնահամի միջև:
Ես սիրում եմ աշունը`
Ժամանակը բոլոր թաղումների,
Երբ միալար արտասվում է նոյեմբերը
Եվ ծեծում գերեզմանաքարերը բոլոր…
***
‹‹Նրանք կարող են սիրել միայն մեռյալներին…››
Ա. Ս. Պուշկին,
‹‹Բորիս Գոդունով››:
Լուսինը հանդարտ պատարագում է
Հոգեվարքը ԲԱՌԻ.
Օ՜, մեռյալնե՜ր,
Լսեք տոնայնությունը
Ապրողների սիլլաբիկ արյան.
(Հոգեվարքը շարունակվում է.
թափառական սկյութացու պես
երկու պոետներ
ցանցապարկից ազատեցին լուսնին,
նստեցին իշոտնուկին
ու երբ հասկացան, որ մեղավոր են
ԳԱՅԼ-ՊՈԵԶԻԱՅԻ առջև,
խոնարհվեցին ու հանեցին դիմակները
մահից առաջ):
Հ.Գ.
Եվ բարձրանում է սյունը բառի,
Եվ երգը` նրա մեջ:
***
Օրիոնն արթնացավ կանաչ երկնքում.
Եվ բառն իմ պրկվեց,
Որպես նյարդը դարի.
Բարձր լարման կախաղանները,
Պղպջակները նյութի,
Քվանտները
Հանդարտ լքում են
Արույրե պտուկը արևի…
Ուժը` օրենք է,
Եվ օրենքը` մեղկ.
Ստվերները սև ագռավների
Հեռանում են դեպի
Թափառախումբը գնչուների,
Որ քարափի մոտ,
Կլոնացված մշուշի ոստայնում
Պատրաստվում է թռիչքի:
Պապանձված օդի
Խոնավ պարանոցի
Արյունն են ծծում պլազմոդիումները,
Եվ մարդիկ,
Ցրված անհայտում,
Դատապարտված են
Կախաղանի ատոմային օղակին:
Լռության րոպե է
‹‹Սև քառակուսու›› առջև,
Հրաժեշտի պատարագ`
Շեղանկյուն գերեզմանախորշի մոտ,
Այնտեղ
Պոկվում է իսկական տողը,
Այնտեղ,
Խոնավությամբ է շնչում մահը…