>>> ԳԼԽԱՎՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Ժամանակակից միֆի հետքերով

Naira Hambardzumyan

Ժամանակակից միֆի հետքերով

Էլ.փոստ Տպել PDF

Ժամանակակից բանաստեղծությունը ձգտում է գեղարվեստական արտաժամանակային և արտատարածական լայն ընդգրկումների ու ընդհանրացումների,որոնց արտահայտման հնարավորությունն իրականանում է հատկապես միֆակիրառման, միֆօգտագործման դեպքում,և պոետի կենսաբանական ժամանակը ու երկրի պատմության ընթացքը հայտնվում են անժամանակակցության նեռքին պտույտի տիրույթում::
Նախասկզբնական վիճակից հետո միֆն անընդհատ ընդլայնում է իր սահմանները ու, շնորհիվ նրա, մարդն ապրում է բոլորապտույտ ժամանակի մեջ` պարբերաբար վերադառնալով ՍԿԶԲԻՆ, ԾՆՆԴՅԱՆ պահին: Եվ մեկ անգամ չէ, որ պատմության տիրույթում խաղարկվելով, միֆը բացահայտում է կյանքի արքետիպը: ՙՄշակութաբանական շրջակարգում Պատմության ՙներկա լինելու՚ չափաստիճանը միշտ էլ պայմանավորվում է գեղարվեստական ընտրության և մշակութաբանական փոխառնչությունների բնույթով: Մասնավոր խնդրառության հոսքերը նույնպես ներառվում են միասնական կարգի մեջ: …Պատմությունն ամեն անգամ վերադառնում կամ կրկնվում է իբրև Մշակութաբանական Կերպափոխում ու Փոխանունություն: Ընդ որում` Կերպափոխումը Տարածության մեջ է ընկալելի - տեսանելի - նկարագրելի, իսկ Փոխանունությունը ժամանակային գիտակցում է, ներքնատեսական հայտնագործություն՚ ,- գրում է Վաչե Եփրեմյանը: Ժամանակի այս պտույտում էլ արտացոլվում է այն տիեզերականը, որ ոչ մի կերպ չես համարի տեսիլք…
Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծության նպատակամիտվածությունը բխում է իմաստից, աշխարհի ամբողջականությունից, որի հիմքում ոչ թե պատկերի արտացոլանքն է, այլ ստեղծագործական կարգը, միֆը: Իսկ միֆի հիմքում ընկած է ամբողջականության հիպոթեզը, որ շրջանառվում է մարդու (պոետի) ստեղծագործական երևակայությամբ, ուստի Բախտինի տեսակետը, թե` մշակույթը գոյություն ունի  որոշակի ՙսահմաններում՚, ամենից առաջ բխում է նրանից, որ մշակույթի տարածությունը միմիայն իմաստի տարածություն է:    
Միֆի` ինքն իր ներսում պարուրված ՙնյութը՚ հնարավորություն է ընձեռում գեղագիտական ու իմացաբանական օրինաչափությունների միջոցով ի մի բերել աշխարհատեսական ընդհանրություններ: Երևակայությունը  պատճենում է ոչ միայն իրերի ¥երևույթների¤ պատկերումը, այլև ըմբռնումները և մղում դեպի հոգին: Հոգին ցոլացնում է իր աննյութեղեն էույթը և, զատվելով նյութեղեն վիճակից, հանգրվանում բանականության վերին չափումներում:
Բանականության փոքրիկ կշռույթով մարդն ի վիճակի չէ գիտակցել ոչ միայն տիեզերքի գաղտնիքները, այլ նաև իրականության առավել քիչ նշանակալի իրողությունները: Այս դեպքում բանաստեղծությունը հետևում է մեթոդին, որը համապատասխանում է լինելության ամենացածր աստիճանին, այսպիսով հասնելով նաև այդ հիերարխիայի չոգեշնչված վիճակին` մարդուն, ով ամենաբարձր եռմիասնության` մտքի, հոգու և մարմնի կրողն է, ով նաև ներքին երեք հատկանիշների` հիշողության, բանականության և կամքի կրողն է:
Միլիտոնյանի բանաստեղծության ներքին տարողությունը սկզբնավորվում է դիսկուրսի (կամ տրամաբանության) միջոցով (որ երևում է տեքստից), ապա եկխոսությունը փոխարինվում է մենախոսությամբ (ներքին դիսկուրս)` կազմավորելով ընթերցողի ու պոետի փոխհարաբերությունները:
Նորից քանդիր, Պենելոպե,
Մեր պոկոտած մսից կլոնացրու
մեր պատկերով մեզ,
Նորից քանդիր, նորից կլոնացրու
մեր պատկերով մեզ,
Հար և նման:
Անտարբեր, անվրդով քանդիր
ռոբոտի նման
Մինչև… մինչև… (27):
Ստեղծվում է երկխոսության ավարտուն վիճակ, և դիսկուրսը տանում է դեպի բանաստեղծության ելքը: Նշված հարաբերության մեջ ի հայտ են գալիս վերափոխված տարբեր վիճակներ, և միֆն իր ներքին տիրույթում լուծում է կյանքի խորհուրդը, հավերժության գաղտնիքը: Նրա տարաբնույթ, սրընթացիկ հարափոփոխությունը միասնական ուժի ու միասնական չափի կարող ամբողջություն է ենթադրում, որն իմաստավորում է զգայականությունը (cresendo) և, հասնելով բարձր լարման սահմանին, վճռականորեն առանձնանում է իրենից իսկ` միֆից.
Հետո աշխարհում գարուն եղավ,
Եվ Շամիրամը երկնքում գլխիվայր տնկեց
Ծառեր, շիվեր, բույսեր,
Աստղերի մեջ ցանեց տարբեր
տեսակի սերմեր
Եվ, ով զարմանք,
Երկինքն ի վար նրա հուռթի մազերի պես
Կախվեց զարմանալի, մինչ այդ
չեղած այգի : (152)
Սա ամբողջական պտույտ է, միաժամանակ ոչ տարածական պատկեր` կազմավորվող սեփական ուրույնության տիրույթում: Ստեղծվող պատկեր - միֆն իր հավասարաձևունակությամբ հաղորդակից է դառնում Շարժում - արարողակարգին, տիեզերական տարերքների ձայնին, ռիթմին, էությանը, անցնում է դեպի խաղաղ հոսքը, որն ունի իր խաղաղության հնչումը և ստեղծվում է օրգանական միասնականությունից: Միֆի տիեզերական տիրույթն ամենևին էլ ուժային տարերքը չէ, այլ աստվածների, որոնցից յուրաքանչյուրը կարող է անձնավորել որևէ տարերք.
Եվ դա, ըստ բանաստեղծի,
հոգին էր Արայի,
Որ դյութելով` երկիր էր բերում Շամիրամը:
ՙՑանկացած նշանային համակարգ իմաստի համակարգ է, սակայն միֆը սպառողն այն ընդունում է որպես փաստերի համակարգ. իրականում` կազմավորվելով նշանային համակարգի տեսքով՚ , - գրում է Ռոլան Բարտը:
Միֆի լեզուն նրա խոսքն է, քանի որ իր բնույթով միֆը պանաքրոնիկ է (համաժամանակագրական), շարունակական. իրադարձությունները կատարվել են շա՜տ վաղուց, ինչ - որ մի տեղ, սակայն նրանք կրկնվում են այստեղ և այժմ, և այդ ընթացքում փորձարկվող երևույթը (առանձնացում  - փորձությունը) հայտնվում է կյանքի ու մահվան սահմանում կամ համակերպվում (կապված երևույթի վերածննդի կամ վերանորոգության հետ), ուստի իրականության ցանկացած իրավիճակի նկարագրություն, կապված ժամանակի հետ, միֆ է և կարող է դառնալ հավերժության նախագիծ: ՙՄիֆը անցյալի գեղարվեստական արտացոլումն է, որ անցնում է ներկայի պրիզմայի միջով: Միֆը բնության պատկերն է` վերամարմնավորված ժամանակի մեջ: Միֆը ունիվերսումի ռիթմն է` կերպավորված գեղարվեստական ձևի մեջ՚  ,- գրում է դանիացի բանաստեղծ, գրականագետ Յոհաննես Վիլհելմ Յենսենն իր ՙՄիֆը որպես արվեստի ձև՚ (1916) հոդվածում:
Թեպետ այս ձևակերպումներն առավել փոխաբերական բնույթ են կրում, բայց միֆի հասկացությունն, այնուամենայնիվ, թույլ է տալիս  ընկալելու պոետի ձգտումը` արտացոլել աշխարհի ունիվերսալ պատկերը բնության, մարդու, պատմության միջոցով, միաժամանակ արտահայտելով նաև պոետի վերաբերմունքը ժամանակի հանդեպ` լինելության ռիթմիկ ընթացքի մեջ:
Անուն - միֆը կանոնակարգում է աշխարհը և նրա հասկացությունը. նշելով գոյ - առարկաները, որոնցից յուրաքանչյուրը միֆի տիրույթում հստակեցնում է իր գործառույթը, իր սյուժեն:    Լեզուն ձևավորվում է ՙլեզու - օբյեկտի՚ (Բարտ) միջոցով, թափանցում է միֆի տիրույթ և այդ հիմքի վրա կազմավորում սեփական համակարգը, ապա ձևաստեղծվում է միֆն ինքը` ՙմետալեզու՚ (Բարտ), որի միջոցով խոսվում է առաջինի մասին:
Եվ եթե ելնենք այն դրույթից, թե` ՙմիֆը բառն է` ընտրված պատմության կողմից՚ (Բարտ), ապա տրամաբանորեն նրան զուգադրվում է միտքը, թե հավերժական միֆեր չկան, քանի որ մարդու կյանքի պատմությունը նույնպես կարող է իրողությունը դարձնել միֆ:
Ուստի դրույթը, թե միֆը ՙերկակի համակարգ՚ է, ուղղորդում է նրանում հայտնաբերելու ինքնատիպ ամենուրեքություն, և իմաստի առկայությունը ձևավորում է միֆի հակադարձ ճանապարհը: Հետևապես միֆի նշանակությունը չընդմիջարկվող տուրնիկետ է` ՙձևի, լեզու - օբյեկտի, մետալեզվի նշանակության և պատկերայնության՚: (Բարտ)
ՙՏարբեր առարկաներ կարող են հաղորդագրություն դառնալ, եթե դրանք ինչ - որ բան արժեն: Այսպիսի ընդհանուր հայացքը խոսքի գործառույթին` արդարացված է, ի միջիայլոց, գրականության  պատմությամբ՚ (Բարտ): Միլիտոնյանի պոեզիայում միֆն ընկալվում է երկու գործառույթով. նշանակություն ու տեղեկություն է հաղորդում միևնույն պահին: Ձևը և հասկացությունը դառնում են երկդեմ` թե՛ ձև, թե՛ իմաստ միաժամանակ:
Հրաբխից ճաքճքում է հոլանդացու մաշկը
և ծուխ ու բոց ելնում` մինչ կատաղություն:
Նա հանկարծ ածելիով կտրում է ականջն արմատից,
վազում նվիրելու
հասարակաց տան ծանոթուհիներին` ՙԱհա, իմ
կողմից հիշատակ՚:
Այդ պահին հարևան հյուրանոցում թաքուն քնած էր
Գոգենը,
Նա մինչ այդ փողոցում խուսափել էր ածելու
վտանգից:  (41)
Ճեղքվում է գեղագիտության բազմաձևությունը, որն արվեստը հասցնում է գեդոնիզմի, նաև` հռետորիկական հրապուրանքի, սակայն մերժվում է ընթերցող -համադամագետի մոտեցումը, ով կփորփրի  - կշոշափի - կգնահատի և կթողնի: Ձևավորվում է ԱՉՔ - ՏԵՍԱՆՈՂԻ (աչք - մեխի) մետաֆորիկ ընկալումը և այդ ճանապարհին խտանում է բանաստեղծության տարածությունը` դառնալով գործողության տարածություն:
Գայլը մոտ չէր գալիս, գիտեր`
Սա երազ էր վաղնջական մարդու,
Որ չգիտես ինչպես մեզ է հասել : (53)
Իմաստների այսպիսի նուրբ փոխանցումները առավել ճշգրիտ է բնորոշել Լոտմանը` աչք - մեխ, աչք - պտույտ (ընդգծումները հեղինակինն են). ՙԱյս իմաստները կենսունակ են առաջինի դեպքում` ՙհեռել՚ (շարել), իսկ երկրորդի դեպքում` ՙտնտղել՚ (պրպտել) բայերի միջոցով` շարունակելով զարգացնել հակաթեզը` ՙսուր - կլոր՚ (հակադրությունը), որը տարածության հակադրամիասնության մեջ վերաճում է գործողության, և ուղղորդվում տարբեր կողմեր (ՙշրջանի՚ տիրույթ)՚ :
Մարդկային հոգու գոյությունը անընդհատ վերածնվում է բառով, և բառը ծածկում է դարերով ստեղծված ժամանակի ու տարածության բոլոր սահմանները: Տարածության ու ժամանակի տարբեր միջոլորտների   միջև խաղն էլ տեսանելի է դարձնում աշխարհի վեհությունը.
Այո, որտեղով քայլում ես`
Վան Գոգի արյունն է:
Հոլանդիայում, Մադագասկարում,
Նոր Զելանդիայում,
անգամ Խաղաղ օվկիանոսի վրա
արյան հետքեր կան.
ինչպես Հիսուսի ձեռ ու ոտին : (41)

Ենթագիտակցորեն տարանջատելով միֆ - ոչ միֆ հասկացությունները, ուզենք, թե չուզենք, առնչվում ենք այդ խնդրում կողմնորոշվելու բարդությանը, հատկապես նրանց մեկնության բարդությանը: Եվ առավել ճշմարտանման են դառնում տարբեր իրողությունների (լեզվի, միֆի (թեպետ ցանկացած կանոնակարգություն ձևաքանդում է իսկական միֆը) ընտանեկան կապերը (Բարտ) և մարդու ծննդի կենսաբանական զարգացման ավարտը ու դրանց միախառնումը:
Գոյավորվում է կյանքի ու մահվան տիրույթը. անտինոմիան մերթ մեկի, մերթ  մյուսի միջոցով հիմնավորում է սեփական տիրույթը, ուր կյանքն է, միաժամանակ և մահը, և այս երկուսի միջ - ոլորտում փորձը` ստեղծագործական պրոցեսի (ընթացքի) շարունակական պոլեմիկան դարի հետ:

Երբ նրա հոգին մայրամուտի արևի
նավակով գնաց,
քիչ անց կամ մի քանի տարի անց
Աշխարհն անուղղելի ձևով սկսեց նմանվել
Վան Գոգի ինքնադիմանկարին
(ականջը փաթաթած):

Ամստերդամի Վան Գոգի թանգարանում (բացի նկարներից) ինձ
ուժ և մարդկային հպարտություն
հաղորդեց մի փաստ`
անձնական իրերի շարքում չէր
ցուցադրվում Ականջը:
Ձայնից հոգնած Ականջը:  (41)
Միֆի ԱՍԱՑՄԱՆ արտաքին ոչ մի այլ շարժում չի իրականանում, շրջանառվող իմաստը թաքնվում է փաստի ետևում` հասցնելով  նրան ինքնուրույնության, ուստի փաստն անշարժացնում է ուժեղ հոսքը, դարձնում է անշարժունակ: ՙՄիֆը ԳՈՂԱՑՎԱԾ և ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ խոսքն է, - գրում է Ռոլան Բարտը, - միայն թե գողացվելուց առաջ և վերադարձվելուց հետո նրան չեն հատկացնում իր հին տեղը: Այս մանր գողությունն էլ խաբեության պահին դառնում է միֆ` խոսքի անշարժ կողմը՚ :
Պատճառաբանվածությունը միֆի երկակիության անհրաժեշտ նախապայմաններից է, քանի որ միֆի ներքին տիրույթում խաղարկվում է ձևի և իմաստի զուգադրությունը, և միֆն ընկալվում է որպես պատճառաբանված ձև` թույլ տալով ընթերցել նաև քաոսը (անկարգությունը), որն իր նշանակությամբ ուղղվում է դեպի աբսուրդը և վերակազմավորում միֆի հասկացությունը: Որտե±ղ է այս երկատվածության նշանակությունը. Բարտը մեկնում է այսպես. ՙՄիֆը ոչինչ չի ծածկում և ոչինչ ի ցույց չի դնում, այլ միայն ձևաքանդում է. միֆը ոչ սուտն է, ոչ ազնիվ խոստովանությունը, այլ աղավաղումն է՚ :
Բանաստեղծության ՙինտեր՚ բնույթը գրավոր խոսքը հնչեցնում է տեքստի տարածքում և հակադրվում սրտից արտածվող ոչ տեքստային հասկացությանը` լեզվի տարաբևեռ խաղը փոխարինելով ՙիմանենտ՚ պարզության (Բարտ): Հետևությունը` գիտակցության տիրույթում կազմավորվելով, միֆն անընդհատ վերահայտնագործվում է` ուղղորդվելով դեպի անսահմանը: Եվ իրավացի էր Սուրբ Ավգուստինը, երբ ասում էր`ՙՔանի դեռ չեմ մտածում ժամանակի մասին, ես գիտեմ` ինչ է դա, և որքան շատ եմ խորհում նրա մասին, այնքան շատ եմ խճճվում՚:
Հայտնի է, որ առաջադեմ գիտական ավանդույթը պոետական պատկերներում հակված է տեսնելու կոսմոգոնիկ միֆոլոգիական համակարգը, այն դեպքում, երբ անտիկ միֆերի վերջին դասկարգումը բաժանվում էր երկրային միֆ և երկնային միֆ հասկացությունների միջև: Տարբեր ազգերի ու մշակույթների հին փիլիսոփաները ևս շատ լավ գիտակցում էին այս երկակիության անլիարժեքությունը: Ինդուսներն, օրինակ,  աշխարհի ՙիրագործությունը՚ (իր -ա - կա - նա - ցումը) բացատրում էին ՙԼԻԼԱ ՄԱՅԱ՚ - ով (տեսիլք. և՛ շարժում, և՛ անշարժություն, և՛ ոգի միաժամանակ ), որ ստեղծվում էր երեք սկիզբների (ՀՈւՆ) փոխադարձ սիրուց: Նրանցից առաջինը ԹԱՄԱՍՆ էր (նյութը, անշարժությունը), երկրորդը` ՌԱԴԺԱՍ (շարժումը, ձգտումը) և երրորդը` ՍԱՏՏՎԱ (ոգին, մտքի պայծառացումը, կյանքի սկիզբը):
XX – XXI դարերի միֆոլոգիան օրգանապես դադարել է գաղափարախոսություն լինելուց, միևնույն ժամանակ պատմականությունը դարձնելով հնարավոր գաղափարախոսություն, որն էլ իր ներսում կազմավորում է տարբեր իրողությունների ֆաբուլան (story) և ավարտուն միֆոլոգիական սյուժե (plot):
Մարդկային գիտակցության ձևավորման մեջ ՙմոռացված՚, բայց արդեն արյան մեջ մտած անցյալի մասին հիշողությունը, որն ընկած է ժամանակակից քաղաքակրթության հիմքում, ամեն անգամ ներկայանում է ինքնարտահայտության նորանոր միջոցներով ¥այդ թվում և` բանաստեղծության¤: Իրականության երևութացումը, իրական աշխարհի և հավերժության փոխներթափանցումներն անընդհատ ուշադրության կենտրոնում են, քանի որ մեզ շրջապատող կյանքի և մեր մեջ դեռևս չբացահայտված աշխարհներ կան:
Հ.Գ.
Մենք ոչ մի կերպ չենք կարողանում ճանաչել աշխարհը, որն օտար է մեզ ամբողջովին, ուստի այդպես էլ քայլում ենք ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՖԻ ՀԵՏՔԵՐՈՎ:

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ