>>> ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐ ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ ԶԲՈՍԱՆՔ ՙԵՍ ԲԱՌ ԵՄ ԴԱՐՁԵԼ՚* ՏՈՂԻ ՀԵՏ

Naira Hambardzumyan

ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ ԶԲՈՍԱՆՔ ՙԵՍ ԲԱՌ ԵՄ ԴԱՐՁԵԼ՚* ՏՈՂԻ ՀԵՏ

Էլ.փոստ Տպել PDF

1.   Ետ: ---Ինչքան էլ շարունակենք հայրենասիրական խաղատեսակներ հորինել ու գաղափարախոսական թակարդներ լարել, միևնույն է, ամեն անգամ ծուղակում պատմությունն է հայտնվելու, իսկ մշակույթը (բարձր իմաստով) թևածելու է հեռուներում: Պատմությունն ու մշակույթը երբեք հոմանիշ չեն դառնալու, իրար մեջ չեն ներառվելու, հակադիր են լինելու` ինչպես ներքևն ու վերևը: Այսպես է, որովհետև իրարանցում-իրադարձություն-պատմություն նշանաշարը Կարգից դուրս է, տրամաբանությամբ է առաջնորդվում, իսկ տրամաբանական ամեն մի ընթացք, իբրև կանոն, սկիզբ է առնում հարաբերական ելակետից, տևում պայմանական բաղադրիչների փոխհարաբերությունների շնորհիվ և ... իրական ավարտ ունենում: Ընդ որում, կարևորը ոչ այնքան արդյունքն է, որքան տրամաբանական հերթական շղթայի տրամաբանված (տրամաբանորեն արդարացված) լինելը: Սրա մեջ չէ± թաքնված պատմության ողբերգականությունը: Կամ` նաև սրա’ մեջ...

 

Լռություն-բանաստեղծություն-մշակույթ նշանաշարը մտածողության ոլորտում է, որտեղ պայմանականությունը էական դերակատարում չունի: Մտածողությունը կարգ է, ասել է թե` ամեն ինչ ի սկզբանե և ի վերջո մտածված է, հայտնի է ու կանխատեսելի: Կամ պարտավոր է այդպիսին լինելու: Իրարանցումը, իրադարձությունը և պատմությունը համարժեք, համանշանակ ու համընկնելի չեն, չեն կարող փոխարինել իրար, քանի որ տրամաբանության ընթացքն աստիճանական է, ուրեմն` հաջորդաբար անհետացող. – հաջորդ քայլը նախորդի շարունակությունն է, բայց ժառանգը կամ գենետիկ կրկնությունը չէ: Լռությունը, Բանաստեղծությունը, Մշակույթը համարժեք են ու կարող են փոխարինել իրար. – Մշակույթը տեղավորվում է Լռության մեջ, Բանաստեղծությունը համընկնում է Մշակույթին, մինչդեռ պատմությունը չի կարող տեղավորվել իրադարձության կամ իրարանցման մեջ: Ավելին` Բանաստեղծությամբ ճանաչելի է Մշակույթը, իրադարձությամբ պատմությունը չի ճանաչվում, որովհետև պատմությունը իրարանցումների և իրադարձությունների շարք է ու նրանց պարբերական ավարտը: Կնշանակի` պատմությունը նաև բազում սկիզբ-սկսվածքներ ունի:Լռությունը, Բանաստեղծությունը, Մշակույթը անսկիզբ են ու անվերջ, անընդհատելի (համենայն դեպս` սկիզբն ու վերջը անհայտ են ու ենթադրելի չեն):
2.    Առաջ: ---Պատմության մեջ ամեն ինչ հնարավոր է այն պատճառով, որ ենթարկվում է տեսնում եմ-չեմ տեսնում, ընդունում եմ – չեմ ընդունում և այստեսակ այլ հակադրություններին: Լռություն-Բանաստեղծություն-Մշակույթ համակարգի համար զավեշտական ձևիմաստ կրող ՙԵս եմ պատմությունը՚ բացականչությունը տրամաբանորեն ճիշտ է, քանի որ անթերի կեցվածք է և, ուրեմն, դուրս է որևէ կարգից: Իրերը, տվյալ դեպքում` ես-ը, պատմությունը, ՙեմ՚ բայական կամուրջը, իրենց նշանակությամբ, դիրքով, դերակատարումով պատմության մեջ կարգ չեն ձևավորում, որովհետև նրանք տրամաբանության տրամադրությունից կախված տարաբնույթ պայմանականություններ են սոսկ: Իրերը կարգավոր են, երբ հայտնվում են Լռություն-Բանաստեղծություն-Մշակույթ ոլորտում:
‹‹Ես բառ եմ դարձել›› շշունջն արդեն կեցվածք չէ, այլ մշակութաբանական գործողություն. Լռության սահմաններում իրականացվող անընդհատական ‹‹ինքնասպանություն››- փոխակերպում է: Պատմության մեջ դառնում են (խոլոպ, հերոս, արքա...), կեցվածք են ընդունում. – պատմությունն ի վերջո տարածություն է, որտեղ ամեն ինչ պիտի երևա. անտեսանելի, առանց թոզ ու դումանի պատմություն գոյություն չունի: Լռություն-Բանաստեղծություն-Մշակույթ հյուսվածքին բնորոշ է տարրալուծվելը, անէանալը, փոխաբերվելը...
Պատմությունն ու Բանաստեղծությունն այսպիսով չեն կարող ներառվել իրար մեջ  փոխճանաչելի ու փոխգիտակցելի չեն: Եթե ‹‹Ես եմ պատմությունը›› ծրագրային ելույթը բեմականացվի Լռության սահմաններում` աղմուկ-աղաղակ է առաջանալու, իսկ երբ ‹‹Ես բառ եմ դարձել›› աղոթատողը հնչի տեսանելի տարածության մեջ, զուտ բանաստեղծական գործողությունն ընկալվելու է որպես քաղաքակրթական հետևանք: ՙԻնքնասպանությունը նշանակում է պարտվել հասարակությունից՚ - տեղափոխվելով պատմության տարածք` ‹‹Ես բառ եմ դարձելը›› հենց այս իմաստն է ձեռք բերելու: Մինչդեռ Լռություն-Բանաստեղծություն-Մշակույթի ինքնաբավ ներկայությունը հասարակության պարտությունն է ենթադրում: Պատմությունն Ինքնասպանություն չի ընդունում, պատմական գործողությունների պսակը հերոսական մահն է. առանց վերջինի պատմությունը կվերածվի անանուն իրերի խառնակույտի: Մեծ հաշվով, պատմությունը Մահն է: Խաղաղ, անաղմուկ պատմություն չի լինում, այդ պատճառով էլ Պերիկլեսի Աթենքը Մշակույթի մեջ է:
Ամեն մի հերոսական մահով պատմությունը շունչը վերականգնում ու վերագտնում է իր իմաստը: ‹‹Ես բառ եմ դարձել›› կարգի մշակութաբանական ամեն մի Ինքնասպանությամբ նեկրոֆիլ Պատմությունն ու հերոսական մահվան արձագանքով իբր-կենդանի հասարակություն-ամբոխն անակնկալ սայթաքում է քառասուն գազ խորություն ունեցող հորի մեջ և անշնչանում Բացահայտվող Ինքնության  շողարձակումից...
3.   Դադար:---Ճակատագիրը թաքնված-թաքցված կենսագրությունն է: Բանաստեղծությունը փորձ է ընթեռնելի դարձնելու Երկնքում գրառված ճակատագրերը: Վերծանման գործողությունն իմացական հմայք ունի, քանի որ ճակատագրերի վերծանման տևողությունը սկիզբ է առնում Երկնային Ջրերի Տեղատվության պահերին, երբ հանդիպում են բանաստեղծն ու ափհանված բառերը: Ավաղ, նահանջելիս Երկնային Ջրերն իրենց հետ որևէ բան չեն տանում: Այդ պատճառով էլ Այնտեղ Լռում են Այստեղ Գրվածի մասին, և անգամ հաջողված (մեր կարծիքով) փորձերը չեն դառնում Այնտեղի Կենսագրության գոնե մեկ պարբերությունը...
Իմացական հմայք եմ ասում, քանի որ ոչ մի վերծանում անկասկած ու վերջնական չէ: ՙԿարևորը ճանապարհն է՚...ՙԵս բառ եմ դարձել՚ մշակութաբանական Ինքնասպանությամբ նշանավորվում են պատմության ու հասարակության պարտությունը բանաստեղծությունից և բանաստեղծության պարտությունը Երկնքից: Սա անփոփոխ ու հավերժական Կարգ է...

* - Նաիրա Համբարձումյան ՙԵս բառ եմ դարձել՚, 2008թ, Երևան: Իմ դիտարկումներին համապատասխանող բանաստեղծությունները կարող եք ընթերցել նշված գրքում:

 

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ