>>> ԳԼԽԱՎՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆՁՐԵՎԻԿԻ ԵՐԱԶԸ

Naira Hambardzumyan

ԱՆՁՐԵՎԻԿԻ ԵՐԱԶԸ

Էլ.փոստ Տպել PDF

Անձրևիկը շա՜տ էր երազում իջնել երկիր: Ձմռան տաքուկ երեկոներին, երբ հավաքվում էին Ամպ-մայրիկի կողքին, քույրերն ու եղբայրները  անասելի վառ երանգներով էին պատմում երկրում իրենց տեսած հրաշքների մասին:
Անձրևիկի հետաքրքրությանն այլևս չափ ու սահման չկար. նա ուղղակի օրերն ու ժամերն էր հաշվում, թե երբ է իջնելու երկիր. չէ՞ որ դա իր առաջին ճամփորդությունն էր լինելու…
Ամպ-մայրիկն անընդհատ խոստանում էր, բայց… ձգձգում էր, կարծես չէր էլ շտապում…
Երբեմն-երբեմն  Անձրևիկին թվում էր, թե մայրիկն իրեն նույնիսկ չի էլ սիրում, չէ՞ որ փոքրիկների համբերությունն էլ շատ փոքրիկ է…
Օրերը հաջորդում էին միմյանց. անցնող օրը խոնարհաբար իր տեղը զիջում էր նոր ծնվողին: Ամենուրեք թարմություն էր և հողի թաց բույր:
‹‹Նույնիսկ հավերժական ժամանակը փոքրից դեպի մեծն է ընթանում, իսկ ի՞մ ժամանակը…չէ՞ որ ես էլ եմ փոքրիկ…›› ,-  դառնորեն խորհում էր Անձրևիկը:
Խե՜ղճ Անձրևիկ. ամբողջովին անհամբերություն էր դարձել… Եղբայրներն ու քույրերը այս գարուն էլ արդեն  մի քանի անգամ գնացել էին երկիր ու վերադարձել և ինչե՜ր էին պատմում…‹‹Ի՜նչ անգութն է  մայրիկը,- մտածում էր նա, - ինչպե՜ս չի հասկանում ինձ, ինչպե՞ս սպասեմ մինչև մայիս, մինչև բացվեն վարդերը…մի քիչ էլ…քիչ էլ…և ինչո՞ւ է մայրիկն այդքան … ›› :
Բայց, ինչպես ասում են, ամեն մի սպասում մի նոր կյանք է ծնում…Գարնան զարթոնքն արդեն հասունացել էր, կանաչըª թավշացել, վարդերը ժպտում էին անգտնելի երջանկությամբ, իսկ արշալույսն իր ցողաթաթախ երազն էր պատմում մարդկանց այդ առավոտ, երբ Ամպ-մայրիկը հանկարծ  արթնացրեց Անձրևիկին և շտապեցրեց հագնվել. ‹‹Արա°գ, լուսեղենս, մարդիկ քեզ են սպասում վաղու՜ց, կարոտո՜վ…››:
Ա՜խր, Անձրևիկը շատ էր ճերմակ ու մաքուր, դրա համար էլ բոլորը նրան լույս, լուսեղեն էին ասում, ու Ամպ-մայրիկն էլ նրան պահում էր հենց այդպիսի մի լուսավոր առավոտի համար…
..Մարդիկ ժպտում էին միմյանց, արևն այնպե՜ս ջերմորեն շոյում էր նրանց հոգիները, մայիսյան վարդերն այնպե՜ս նազանքով էին հարդարվում, որ կարելի էր միայն բացականչել. ‹‹Ի՜նչ հրաշալի է կյանքը, մարդի՜կ, ապրե՜ք թեկուզ արևի համար…››:
Եվ Անձրևիկը, Ամպ-մայրիկի թևին գգված, իջնում էր դանդա՜ղ, կամա՜ց, սահում էր սիգաճեմª արևի ոսկին ուսերին առած, ու ծիածանվում վարդերի  անձրևոտ գաղտնիքներով լի ժպիտներին, արթնացող խոտերի ցողաթաթախ երազներին ու փոքրիկ ճերմակասնկերի հեքիաթների մեջ…
Ոչ ոք անձրևանոց չկրեց…
Իջա՜վ փոքրիկ Անձրևիկը, փարվեց երկրին, մարդկանց, փարվեց մայր հողին, սնեց նրա  բեղուն երակն իր թեկուզ աննշան, բայց լուսավոր խոհունությամբ, իրականացավ նրա երազանքն էլ, ու մարդիկ, հազարավոր, միլինավոր մարդիկ շնորհակալ եղան այն մի քանի թարմաբույր ու անմոռաց վայրկյանների համար, որ ծիածանոտ արև ունեցան…  Ու քանի որ լուսավոր ու մաքուր էր մեր Անձրևիկը, այդ օրվանից մարդիկ նրան կոչեցին Արևային անձրև…Զարթոնքի կաթիլ, իսկ Անձրևիկը հասկացավ, որ աշխարհում ամեն ինչ իր ժամանակն ունի, միայն…համբերել է պետք….

Նաիրա Համբարձումյան


Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ