Naira Hambardzumyan

Փղիկը

Էլ.փոստ Տպել PDF

Անտառում մեծ իրարանցում էր: Թռչուններն արագ-արագ գնում-գալիս էին` շտապելուց օդում ցիրուցան փետուրները: Բոլորը շշուկով էին խոսում, նույնիսկ գետակի շառաչը կարծես նվազել էր: Թվում էր` սովորական օր է: Օրը` օր, բայց հեռվից նայողին ինչ-որ տխուր իրադարձության նախաբան էր թվում կենդանիների այդ հավաքը, քանի որ, ինչպես գիտենք նապաստակն ու աղվեսը երբեք իրար կողք չեն կանգնում... թեպետ տխրությունը միավորում է բոլորին, և մոռացվում են բոլոր հին վիրավորանքները...
- Չէ՛, Բաբի՛, պետք չէ՛, դու դեռ փոքր ես, ա՛յ, երբ մեծանաս, նոր միայն կզգաս որ բոլորովին էլ արտասվելու հարկ չունես, կհամոզվես, որ ամենագեղեցիկն ես ու ամենաուժեղը, որ բնությունը յուրաքանչյուրին մի տեսքով է ստեղծում...հապա՛ մտածի՛ր, իսկ ավելի լավ չէ՞, որ դու միայն քեզ ես նման, իսկ եթե քեզ նման երկրորդն էլ լինե՞ր..., - որպես ամենաիմաստունը և ամենափորձվածը գազաններից` հորդորում էր արջը: Ճիշտ է, անտառում գայլը միշտ աչքի էր ընկնում իր ագահությամբ և սնապարծությամբ, սակայն սա այն դեպքը չէր,  պետք էր սատարել արջին, և նա, ձայնին առավել մեծ չափով հուզականություն հաղորդելով, հաստատեց իր վաղեմի‹‹բարեկամի››խրատը.
- Ճիշտ է ասում Բրդոտը, քեզ ի՞նչ է թվում, ես առավել ուրա՞խ եմ, որ գայլ եմ ծնվել, ախր ագահությանս ձեռքից երբեմն այնպես եմ կրակն ընկնում, որ պոչս մնում է սառույցի մեջ կամ էլ...կամ էլ սրտիս զարկերն անհաշվելի են դառնում, երբ սկսում եմ այս արագավազ շլդիկներից որևէ մեկին հետապնդել...կյանքը հալած յուղ չէ... - Բայց չէ՞ որ ես շա՜տ տգեղ եմ, հապա մի ինձ նայեք, չէ՞ որ այնպե՜ս անճոռնի եմ, մի իմ քթին նայեք, ուզում եմ փոխել, ես ուզում եմ մարդկանց նման փոքրիկ քիթ ունենալ, - լալիս էր փղիկը, ես պետք է վիրահատվեմ:
- Հապա քեզ առանց կնճիթի պատկերացրու, դու փիղ ես, բնությունը քեզ այդպես է ստեղծել, - իր իսկ ձայնից և կողքի ցավակցող - հուսադրող հայացքներից սրտապնդվելով` մի անկյունից ձայնեց շլդիկը, - ես էլ իմ թերությունն ունեմ, չափազանց երկարականջ եմ, բայց դրանից վատ չեմ զգում...
- Իսկ իմ կարծիքով նա հիանալի որոշում է կայացրել: Շլդի՛կ, ա՛յ եթե դու  էլ ականջներիդ մասին այդպես մտածիր..., - քմծիծաղեց աղվեսը`ընդմիջելով զրույցը և աչքերի կիսալուսնաձև աղեղները խոնարհաբար վար իջեցրեց` շարունակելով, - կարող եմ իմ ծանոթ վիրաբույժի այցեքարտը տալ...
Այս անգամ աղվեսը ո՛չ մոտակա գյուղի հավանոցից հավ էր գողանում, որ թակարդն ընկներ, և՛ ոչ էլ որսորդների լարած թակարդներից մեկնումեկը կար, որ նրան զգացնել տար պահի լրջությունը: Նա ինքն էր լարել թակարդը և ինչպես հատուկ է ծեր խորամանկին` խփեց ճիշտ նպատակակետին...
Որոշված էր` Բաբին առավոտյան գնալու էր քաղաք... Ու քանի որ դրության տերը դարձավ շիկահեր-խաբեբան` մնացած գազանները որոշեցին ցրվել...
...Առավոտյան Բաբին ճանապարհվեց քաղաք. ոչ տխուր էր, ոչ ուրախ: Աշխարհը մի տեսակ անսովոր էր թվում, ինչ-որ բան փոխվել էր, և նա ուզում էր հասնել իր արտասովոր երազին...
Փողոցով քայլելիս մարդիկ զարմանքով նայում էին փղիկին, հիանում: ‹‹Երևի շշմել են իմ երկար կնճիթից՚, - մտածում էր Բաբին և հուսադրում իրեն`‹‹ոչի՜նչ քիչ մնաց... ››: Բայց մարդիկ զարմացել էին ոչ թե փղիկի երկար կնճիթից, այլ հիացել էին հենց իրենով` վարդագույն փղիկով, որ այդպես անվախ-անվարան քայլում է փողոցով:
Բաբին մոտակա աղբյուրից ջուր խմեց: Հետո կռացավ ու մոտակա ջրափոսի հայելու մեջ նայեց իրեն… նոր միայն հասկացավ, թե Բրդոտը երեկ ինչ էր ասում... ու տեսավ, որ մարդիկ իրենք էլ անթերի չեն, սակայն անհարմար չեն  զգում փողոց դուրս գալ, կռահեց, որ ծեր խաբեբան թակարդ էր լարում...
Բաբին հասկացավ, որ ճիշտ էր Շլդիկը, երբ ասում էր`‹‹Պետք է մեզ սիրենք այնպիսին, ինչպիսին ենք իրականում››, ու երկմտեց` գուցե շտապո՞ւմ է...
Ամեն ինչ և ամեն ոք ինքնին գեղեցիկ է, դու խորքը նայիր և անպայմա՛ն կգտնես այն, ինչ հարկավոր է քեզ…
Նաիրա Համբարձումյան  
24.05.2008թ.

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ