>>> ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԳՐԱԿԱՆ Գիրքը մշտապես եղել է այն մեծագույն արժեքը, որին պարտական եմ ԿՅԱՆՔՈՎ և ԸՆԹԱՑՔՈՎ:

Naira Hambardzumyan

Գիրքը մշտապես եղել է այն մեծագույն արժեքը, որին պարտական եմ ԿՅԱՆՔՈՎ և ԸՆԹԱՑՔՈՎ:

Էլ.փոստ Տպել PDF

Հարզացրույց բանաստեղծուհի, գրականագետ Նաիրա Համբարձումյանի հետ

- Ի՞նչ է նշանակում լինել նորարար, ի՞նչ է նորարարությունը արվեստում:
- Լինել ժամանակի մեջ, բայց դուրս նույն ժամանակից և տարածությունից, կարողանալ տիեզերական մի կենսոլորտում գիրդ ճանաչելի դարձնել մարդկանց: Ի վերջո, Ադամ-Եվայի ժամանակներից սկսած ոչինչ չի փոխվել. հոգու նույն հարաթափառությունն է, նույն շարժ-որոնումը, երազի և իրականության նույն փոխներթափանցումները… միայն հասարակական ֆորմացիաներն ու դրանց առաջադրած կացութաձևերն են փոփոխություններ կրել, իսկ կենսաբանական ու մտածողության առումով բանական մարդու մեջ գրեթե ոչինչ չի փոխվել, ուղղակի գիտության առաջընթացի հետ օտարացել են գիտակցության որոշ շերտեր (գյուտեր, հայտնագործություններ, երկնաքերներ), զգացմունքի տիրույթում մարդը նույն կարծեցյալ եզակիությամբ ամեն ինչ կրկնում է նորից: Նույնն են սերը, ատելությունը, ուրախությունը, տառապանքը… նույնիսկ խարդավանքները (եթե շատ հեռուն չգնանք) հարիր են միջնադարյան խարդավանքներին:

- Ո՞վ է այսօր գրականության հերոսը, ի՞նչ նոր տեղաշարժեր են նկատվում:

Բոլոր գրական երկերի, ուղղությունների կենտրոնում ի վերջո մարդն է` իր ամեն տեսակ թուլություններով, սեփական «ես»-ի ամենօրյա որոնմամբ և հասարակությունից իր օտարմամբ, ինչպես Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպի հերոսը: Թեպետ, եթե մի քիչ խորքը գնանք, նա միայն XX դարի գրականության հերոսը չէ. օտարացումը, «ես»-ի փնտրտուքը` թթվածնային այդ մշտական քաղցը, եղել է բոլոր ժամանակներում և սրանից հետո էլ կլինի: Դժվար է ասել, թե ձևավորվող նոր ուղղությունը` պոստմոդեռնը, ինչ նոր տեղաշարժեր կբերի. եթե նրա գաղափարը ամեն ինչ հարցականի տակ դնելու մեջ է, ապա այդ դեպքում մեզ այլ ճանապարհ չի մնում, քան վերագնահատել բոլոր ավանդույթները, բայց հավատում եմ, որ ժամանակակից ստեղծագործությունը կներգրավի նաև ողջ ավանդույթը, քանի որ այն կտրված չէ անցյալից, օրգանական անցումը պահպանվում է:
…Մենք ինքներս ենք հորինում այն աշխարհը, որտեղ ապրում ենք, ամեն մեկին տրված է ճակատագրով իր մենությունը, մնացյալը հորինվածք է: Այս ամենի մեջ մի բան է միայն հուսադրում, այն, որ ամեն ինչ պտույտի մեջ է, և այն, որ ոչինչ չի կորչում…

- Ովքե՞ր են այսօր գրականության «տերերը»:

Այն, ինչ այսօր կոչվում է գրականություն, պարզապես խառնաշփոթ է գրողի, գրամոլի և գրական խոտան արտադրողի միջև, և ընթերցողի համար դժվար է կողմնորոշվելը: Այս եռանկյուն տարածքը վերջերս գրավել են այսպես կոչված «սալոնային» գրողները, ովքեր վճարելով կամ մեկը մյուսին «լավություն» անելով են տեղ զբաղեցնում` չգիտակցելով, որ գրականությունը «ախպերություն» անելու տեղ չէ:
Այս ամենի կողքին ձևավորվել է մի ամբողջ շարժում երիտասարդ արձակագիրների ու բանաստեղծների` Հրաչյա Սարիբեկյան, Արամ Պաչյան, Կարեն Անտաշյան, Հասմիկ Սիմոնյան, Թոնդրակ, Աշոտ Գաբրիելյան, Էդուարդ Հարենց, Նառա Վարդանյան, ովքեր ունեն գրական ճաշակ, բարձր գրականության գիտակցություն և ինքնուրույն ձեռագիր: Իսկ ընդհանրապես, դերակատարումը, որ ունի գրողը հասարակական կյանքում, դրսևորվում է յուրաքանչյուրի անհատական մոտեցմամբ: Ամեն մեկը յուրովի է տեսնում կյանքի ընթացքը, լուսանցքի երկու կողմերը, կանգառներն ու նահանջները:

- Այսօր, թվում է, գրողը կորցրել է իր հեղինակությունը:

- Ոչ թե կորցրել է հեղինակությունը, այլ օտարվել է հասարակությունից: Դրանք տարբեր բաներ են: 20-25 տարի առաջ հանրային ռադիոն և հեռուստատեսությունը հավուր պատշաճի տեղ էին հատկացնում գրողին. գրողը առաջնորդ էր, որ մոգական մի ուժով ազգին տանում էր իր ետևից: Նա բարձր էր, հեղինակություն, բայց դրան նպաստում էին թե՛ գրական հաղորդումները, թե՛ հանդիպումները և՛ թե տվյալ ժամանակահատվածում գրականության քարոզչության անընդհատությունը, որոնք ծառայում էին գրող-ընթերցող, գրող-հասարակություն կապի ամրապնդմանը, իսկ համատարած արժեզրկման այս հեղեղի մեջ նահանջել են հոգևոր-մշակութային բոլոր արժեքները: Ընթերցողը չի ճանաչում ժամանակակից հայ գրողին. գրողը մեկուսացած է ռադիոյից, հեռուստատեսությունից, մամուլից…
Պետք է անդրադառնալ նաև պետ. միջոցների միջոցով տպագրվող գրականության կրճատմանը, մյուս կողմից` հրատարակչությունների ոչ ճիշտ շուկայական քաղաքականության ձևավորմանը. բացակայում են «գրական շուկա», «գրողի գովազդ» հասկացությունները:
Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե արժեքավոր գրքեր լույս չեն տեսնում Հայաստանում: Լավ գրողն իր գործը գիտի, hրատարակիչը` նույնպես: Պարզապես պետք է փոխել պատկերացումը գրքի տպագրությունից մինչև ընթերցող ճանապարհի մասին: Պետք է գովազդել գիրքը, հասցնել ընթերցողի գիտակցությանը: Այս բազմաթիվ անվերջ-անսկիզբ սերիալների և շոուների փոխարեն (որոնք խաթարում են հասարակության արժեհամակարգն ընդհանրապես) պետք է գրողին ու գրքին հեռուստատեսությամբ գոնե մեկ ժամ հատկացվի:
Ժամանակակից գրողը հասարակության հետ հանդիպումների հնարավորություն չունի, չի շփվում աշխարհի հետ, չի ճամփորդում, իսկ համացանցը հասու է ոչ բոլոր գրողներին: Սա չի նշանակում, սակայն, որ գրողը հետ է մնացել հասարակությունից (եթե ուզենա էլ` չի կարող, որովհետև այդպես նախասահմանված է), ընդհակառակը, իր ժամանակի տեղաշարժերն ընկալելով` նա միշտ մի քայլ առաջ է, այստեղից է գալիս օտարվածությունը, բայց դա արդեն այլ հարց է ենթադրում:

- Դուք` որպես գրողների նոր սերնդի ներկայացուցիչ, ի՞նչ առաքելությամբ եք ստեղծագործում, ի՞նչ է գիրքը ձեզ համար:

- Իմ խնդիրն է ընթերցողի առջև բացել մարդուն, հատկապես նրա հոգու շերտերը, որով, կարծում եմ, միջազգային հանրությանը կմոտեցնեմ իմ ժողովրդին:
Ընդհանրապես հավատում եմ գրողի ներքին բարոյականությանը, թեև ամեն դեպքում նրա առաջին հանձնառությունը լավ գիրք գրելն է:
Գիրքը մշտապես եղել է այն մեծագույն արժեքը, որով սկսվում և ավարտվում է օրս, որին պարտական եմ ԿՅԱՆՔՈՎ և ԸՆԹԱՑՔՈՎ:

Հայկուշ Շահբազյան

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ