Naira Hambardzumyan

Ես բառ եմ դարձել

Էլ.փոստ Տպել PDF
Ես բառ եմ դարձել
Ազատության ձեռքը
1-ը մարտի
Կարմիր հովտաշուշան
Կոլաժ
Պար ձյան վրա
Մահը
Քար կամ հավերժություն
All Pages

Ջրերի պարզության մեջ ցամաքելու տագնապ կա


Այս տագնապը տեսնելն է դարձնում բանաստեղծ, այս անմիջականությունից են ասում` թագավորը մերկ է, որովհետև կյանքը սկսվում է ոչ թե փաստերի, լուրերի հերթականությամբ ու գծում վախճան մարդու հետ,այլ կյանքը տեսնվում-ապրվում է և չի́ ապրվում, եթե բանաստեղծ չես: Շարժումը ոչ թե մարդու կողքին է, այլ հենց մարդու մեջ, որտեղ կյանքն է և բանաստեղծությունը:
Քիչ հոգիներ են գրի մացառներում առյուծի պես քայլում, սակայն այնտեղից առյուծի առյուծաքայլության վարակը կլանում է, հետը տանում, որովհետև նրանք գոնե ողջ ժամանակաշրջաններ են, դրա համար էլ կլանվողները թե́ առաջ են նայում, թե́ ետ` մինչև իմաստություն, որ միմիայն կյանքով է, ապրելով:
Նաիրա Համբարձումյանը` շնորհալի երիտասարդ, գոնե իր այո-ն ու ոչ-ը ասելու փորձն արդեն ունի. Կյանքում ամեն ինչին չէ, որ կասի` այո, եղիցի ոչ էլ` կասի` ոչ, կյանքին պետք չի, ապրենք: Այժմ գրին նայում է իբրև այս այո-ն ու ոչ-ը ասելու որոնումով, որպեսզի մի օր էլ իրեն տեսանելի կյանքին ասի` այո: Հավասարապես, բայց քիչ տեսնելով կյանքի այո-ներն ու ոչ-երը` առավել հաստատուն, վճռական այդ ոչ-երը տեսնելու կամքում է (թեև գիրն արդեն ունի դրանք հավասարապես տեսնելու հանդարտությունը):
Շնորհալի այս աղջիկը ձեռք է զարկել կրակին, շուտով կամ չգիտեմ երբ, իսկապես, որ բուն ասելիքը կկարողանա ասել, քանզի կյանքը այդ ասելիքներով է կայուն:
Կյանքը գտածի նրա վստահությամբ` կյանքը միայն ու հատկապես պոեզիա է. Անշուշտ, դեռևս կանցնի կասկածների տարիքը. Պոեզիան այդ տարիքից կլինի:

 

Վարուժան Այվազյան


***
Վաճառվում է,
Անօգնական և լքված մի խաղալիք,
Որ հնոցի թրծող քուրայից անջատվեց
Առանց սիրո
Սառած, ապակե աչքերով,
Վերջին կանգառը կորցրած
Մանկության սոսկալի երազի նման
Անընդհատ վերուվարում է այս Ցեցը,
Վե'րջ,
Այսուհե'տ,
Ապրելու հնարավորությունը տրվում է միայն
Խաշնարած-տնակյաց գավառացի նաիրուհիներին,
Եվ որպես շտապօգնության մեքենա`
Ուշանում է կյանքը,
Որովհետև Մեծ Արջի համաստեղության
Ծանր թաթը
Մղձավանջի պես մի հետք թողեց
Բիբլիական լուսնի
Միամիտ դեմքին,
Եվ մինչ դագաղագործի այցը`
Կյանքի ցուցանակին գրեցի`
<<Երևան-Լուսին>> մայրուղու
Երկնաքարերից տուն են կառուցում,
Վաճառվում են աստղերը
Որպես անպետք խաղալիք,
Գալակտիկաները
Տրվում են վարձով...>>:



Ազատության ձեռքը

Որպես հսկա դոնդող`
Ազատությունը շարժվում է փողոցներով
Սատանային ընդառաջ,
Որի հզոր ՁԵՌՔԸ
Կատուներ է ցնկնում`
Ճանկռելու երկրիս դեմքը:
Խամաճիկներ որպես`
Ձկնաթելով կապված անշունչ տիկնիկներից
Սեփական ժխտման կրակ է թափվում:

Լուսանցքի այս երկրում
Անհավասար ամուսնությունների
Մակընթացություն է,

Եվ բիբլիական ծաղիկների հեզությունը
Օրհնում են միայն շնաճանճերը,
Վկա` սատանայի պոչը:
Լուսանկարվելու համար սեփական անձի
Տեսիլքը բավական չէ,
Քանի որ նկարչի աչքը ոսպնյակ չէ,
Եվ հարության ճանապարհին նստած են
Քաղցրածոր լեզվով ուրացող
Արևմուտքի մեղրոտված բոռորը:



1-ը մարտի
Կարճ գիշերներին փոխարինել են այսօր
Երկար մղձավանջային երազները:
2008: 1-ը մարտի: Գարուն:
Գարշահոտ ծուխ:
Անողնաշար պայքար:
Արդարության ճռռացեղ շղթաներ,
Միլանտրոպիկ գարտերի պես
Ջրափոսում երգող
Դեղին ներբաններով <<երազներ>>,
Որոնց առագաստանավը դոլարի լեշեր է բաժանում
Կեսգիշերին կառանվող
<<Շերեփի>> համաստեղության
Տեղական դագաղագործին:
Մանկության երազը, սակայն,
Ապրելու սոսկալի հնարավորություն է ընձեռում`
Ջահելության քրտնագեղձերից արտադրվող
Առօրյայի <<սննդարար>> կրկնության
Եվ դեղնաչք աղբարկղերում խրված
Քաղաքաբնակ մտավորականների միջև
Կորցնելու վերջին կանգառը:



Կարմիր հովտաշուշան
Որպես հսկա, քաղցկեղածին օրգանիզմ`
Բնազդի հնացած թևկապով,
Մի թեթև, միակերպ պարոդիա
Մաշտոցի պողոտայում`
Երազի ճերմակ գլխաշոր հագած
Հանուն ստրկության...

Արվարձանները զարթնել են,
Աղջամուղջի դեռ չցրված խավարում:
Քնաթաթախ մեքենաները հորանջում են
Եվ որոնում սուրճի բաժակը:

Վերևում երկինք է, երկինք, երկինք,
Երևի դրախտը դա է,
Վերևում յոթ դեղին խնկածաղիկ,
Յոթ երկար ճանապարհ,
Հասակավոր ամառ, որի բոցե լեզուն
Վազում է մեր երակների միջով`
Սնելով հասունացած բոռերի
Մի ամբողջ երամակ:

Ե'ս եմ, ե'ս, ե'ս ու կրկի'ն ես,
Ի ՞ նչն է ստիպում ինձ սիրել միայն
Մի' տղամարդու
Եվ ոչ բոլորին:
Այլ կերպ` ինչպե ՞ ս սիրել:

Այդպես,
Հեզությունը ծաղիկների
Վտանգվում է ամռան հոսքում
Դաշտամկան վազվզոցից:

Այդպես,
Սերմի` արգանդ ձգվող ճանապարհին
Բնությունը ստրկություն չի ճանաչում:

Այդպես,
Ժամանակը չի սկսվում, չի ավարտվում
Պառաված շան մորթի վրա,
Որ մաքսատան աշխատողին
Վախից` արծաթ է <<պահ>> տալիս:

Աշխարհի վերքի մեջ խրված`
Մի զույգ ճերմակ մագիլներ
Հիսուն նահանգների երկրից
Ծծմբադեղնավուն մեղրաբլիթներ է առաքում
Ապրանքագնացքների անիվների տակ
Ճռռացող լաբիրինթոսին,
Որի կարմրադարչնագույն երախից միշտ էլ
Ինչ-որ լպրծուն հեղուկ է ծորում`
Մինչ քաղցած ստամոքսի մեջ
Մի պատառ շպրտելը:

Դրանք Ամանորի գիշերվա նվիրական
Երազներ են գուցե,
Որ գրում ենք Կաղանդ պապին
Եվ գցում վառարանի մոտ կախված
Գուլպաների երախը,
Մինչդեռ դրսում
Ձյունը գորշ է
Երազների անմաքըր շնչառությունից...
Իսկ աչքերիս խորքում
Մի անվերջավոր լուսին
Ամառվա կարմիր կեռասներն է հասունացնում:

<<Սիրիր մերձավորիդ>>-ը չպատճառաբանված է մնում`
Ինչու ՞, Ինչպե՞ս:
Ստիպված օղակաձև մի պտույտ ես գծում
Քո և մերձավորներիդ միջև,
Որովհետև զոհաբերվում ես ամեն օր,
Ամեն ժամ` ջղաձգվում,
Որպեսզի ապրես:

Ամառվա ցուրտը խայթում է
Նույն ձեռքիս
Նույն ափը,
Այս ե՞րբ արմատները իմ ոտնահետքերի
Այսքան խորացան,
Տե’ր դու’ առաջնորդիր,
Զոհաբերման եղջերափողի գալարաձայնը
Դեպի ցողունը կանաչ,
Գուցե՞, մենք այնտեղ վաղուց կայի՞նք:

Բաղրամյան փողոցի լուսանկարիչը
Անհուշարձան, կլորաթուշ, դդմագույն
Դեմքերով պոետների պատկերներն է <<քաշում>>:
Եվ թռչունի պես զգոն`
Անհետացման հազարաբույր ստրկությունն է գրանցում,
Եվ չոր ավազանում լողացող
Ձկան պես
Լուսնալույսի տակ բերանն է բացխփում`
Աչքը` սիրամարգի փետուրներին:


***
Իսկ երկրաբնակ ժամացույցին
Ես ծանոթացա երեկ գիշեր,
Երբ կոշիկներս իրենք իրենց
Լույսից էլ երկար
Ճանապարհ անցան:

Ես դաշինք կնքեցի
Ազատության հետ
Մինչև որ հեռաստանները բոլոր
Կրունկներիս արձագանքը լսեցին`
Դեպի <<բարձրը>> ընթանալիս:
Նույն հյութն ու նույն արմատն ունեն
Աշխարհի բոլոր կանայք`
Մինչև ձևավորումը սաղմի,
Մինչև խլրտոցը կրծքի տակ,
Մինչև երկրաբնակ ժամացույցի
Պահածոյացված ավազը`
Քարին մանուշակի քնքշություն
Հաղորդելու համար…


***
Անմեղության ու մեղքի խարույկում պարելիս
Քաջություն որտեղի՞ց…
Ձյան փաթիլը` գորշ ու խունացած,
Իր մահկանացուն կնքեց
Գետի ճանապարհում:
Հոգիս դեպի վեր է մղվում,
Եվ թռչունը գիշեր ու զօր
Իր մարմինն է ծեծում
Բանտարկության փոշիացնող միջնաբերդում…
Ու մի տերև` քո աչքերի մեջ
Պարզապես ստիպում է գրել,
Եվ լսել ձևավորվող քարի
Մարմնեղ խոնջանքը:
Անձրևի հետ թափվող տեսիլքի պես
Լուծվում է հողի խոնավությունը,
Որ երեկ դեռ
Ապրում էր ձեռքերիս դողով…
Աառը երգեց իմ մեջ այնպես,
Որպես ծաղիկն այս`
Կրծքիս նիրհած…


***
Առավոտյան ,
Երբ սուրճ եմ խմում,
Երեկեյան հոգսերից
Լվացվող երկնքի փեշից
Ծիծեռնակների
Մի պարս է կախվում
Արթնացումի երգով սնելու
Աշխարհի տաք երակները…
Հետո ցնցվում են
Բարակավիզ խոտերը,
Եվ մեղուների,
Բզեզների
Ու ճանճերի համար
Փոքրիկ խառնաշփոթ է ստեղծվում`
Տերևների երգին հյուսված`
Ծիծեռնակները նախաճաշում են…

Ես ավարտում եմ
Սրճխմությունս,
Ժամը 7-ն անց է 30:


***
Ես խորհել եմ քամիների, տերևների
Ու ծառերի մասին:
Ես խորհել եմ լեռների, քարերի
Ու ճանապարհների մասին:

Ես խորհել եմ մարդկանց մասին,
Հանդիպումների ու նվաճումների,
Հրաժեշտների մաին:
Ես խորհել եմ երազների մասին,
Հորիզոնում ճախրող մայրամուտների
Եվ արևից թահվող
Առավոտների մասին:

Ես աստղերի մասին եմ խարհել,
Միայնակ, գիսավոր աստղերի
Ժպիտների ու արտասուքների
Մասին եմ խորհել:

Մի բուռ ձյուն տուր
Նվաճման օրենքի
Չգրված քաղաքականությամբ.
Գուցե, օրն այս, խորհել չտա՞...


***
ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Գիշերային լույսերով վերածնված,
Կեղտոտ ուրվագծիդ մեկնած ափի մեջ,
Մերկացնելով դեղին ատամնաշարը,
Ժողովրդի զարկերակն է բռնում Մսագործը,
Բենզին լցնողը, Ցորեն բերողը,
Օդային բոլոր փոխադրամիջոցները,
Բոլոր <<Թել>>-երի,
Բոլոր <<Ք>>-ենդիների տերերը:

ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Գիշերային ակումբներում
Անողնաշար քրքիջով պարում է
Կիսամերկ ջահելությունը,
Հպարտ, որ կարող է վճարել
Ափի մեջ դրվող ափիոնի համար,
Բայց և մոլորված,
Որ կողոսկրից իր
Այլևս,
Նոր մարդ չի ծնվի...

ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Փոշուց չորացած դեմքով,
Վաճառվող երեխաների
Ու գիշերային թիթեռնիկների
Մեղքի գլխարկավոր բեռներով,
Թո`ւյլ տուր նայեմ մարդասպանիդ
<<Լուսավոր>> աչքերին,
Որ իր գործին հլու` Որովայնն է պատռում ՄԵՆՔ-ի

ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Երգերի, երազների անհոգ մի օրրան,
Թո`ւյլ տուր,
Դիմավորեմ
Այգաբացը քո:



Կոլաժ
Աղբամանի թափոնների մեջ շնչահեղձ է լինում
Երեկվա գործազուրկ մտավորականը,
Եվ կրիայի քայլերով շարժվող ստվերը նրա կյանքի
Ողջունում է օդը մաքուր,
Որ թաքնվել է մոտակայքում:
Ժամանակի կույր աչքը
Ծաղիկների համար պարտեզ է գծում`
Մեղքի և սիրո
Փակուբաց դռներով...
Ես, Ինձ տեր էի կարծում
Իմ ԿՅԱՆՔԻ...
Բայց արի ու տես,
Որ հոգնել եմ կես-երազից,
Կես-կատակից,
Կես-լրջությունից,
Կես-խավարից,
Ու կես-սիրուց...
Որպես խխունջում ապրող մարգարիտ`
Կծկվում եմ իմ կես-կյանքից,
Երազը վաղուց չորցել է
Կես-ճանապարհին`
Որպես անարցունք աչքի <<հրճվանք>>
Խաղաղ գիշերամուտին...

Ճերմակ թմբիրի գարշահոտությունից
Սողունների կիրքը հագեցնում է
Աներկինք թևավախումը թռչունների,
Եվ քայլող անշարժությամբ
Երեկվա գործազուրկ մտավորականը
Հրճվում է`
Երջանիկ պեղած մանրաձկան
Փայլուն տուփից...
Ես,
Եղրևանու ծաղիկներից սերմ է քաղում
Եվ քայլում լույսի ետևից...
Ծաղիկների ցողուններն ինձ հարցնում են
Կյանքի մասին.
Ապրելակերպ դարձած
Կախաղանի պնդօղակը,
Անհայտ թռչնի բույն է դարձել:

Ես
Եղրևանու ծաղիկներից սերմ եմ քաղում
Եվ քայլում լույսի ետևից...
Պարզունա'կ մարդիկ,
Երբ քայլեք ջրերի ծփանքի ետևից,
Գերեզմանի խավարը հիշեք...
Ես
Ձեզ եմ բերում թռչնի բույնը,
Եվ եղրևանու ծաղիկներից քաղած սերմը...


Պար ձյան վրա
Քամին խլում է բառերս
Եվ ձմեռը,
Մեր սրտերի մեջ է լցնում
Փաթիլները`
Իմ բառերից հյուսած...
Եվ կյանքը,
Կնճռոտած ճակատով,
Իզուր իմաստներ է որոնում`
Հուշերից հյուսված բառերիս կծիկում...
Ձյան վրա,
Մոռացման հուշի թևին
Շշնջում է արդեն կեռնեխը`
Վանդակից փախած:
Ձյան վրա
Հուշերի քարավանն է պարում`
Քո նվիրած սառցե ծաղիկները փռելով`
Օջախի կրակե լեզուներին...


Մահը
Նրա եկած ժամին
Ոչ ոք,
Ոչինչ չի մտածում,
Ոչ ոք
Ոչինչ չի ասում,
Ոչ ոք
Չի լսում
Նրա քայլերի ձայնը:

Նրա եկած ժամին
Ոչինչ չի մտահոգում
Աշխարհի ժաղովուրդներին,
Կյանքը թվում է այնքան հեռու
Ու վերջը կարծես երևում է...

Նրա եկած ժամին
Լռում են հանկարծ զանգերը`
Սիրտ տանող ճանապարհին...


Քար կամ հավերժություն
Երբ լռության մեջ
Գիշերները
Կրճտում են ատամները իրենց`
Հարատևության մի շող է ընկնում
Քարերի վրա,
Որոնք նույնիսկ
Իրենց բացակայության
Միջուկի մեջ
Ապրում են`
Ժամանակի թևին քնած...


***

Իմ աչքերի
Հեղուկ տարածության մեջ մնացին
Գինով երկրակամարը
Եվ կամուրջը`
Ժամանակի անվախճանությունը մեզ կապող:


Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ