>>> ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ Ես բառ եմ դարձել - Կարմիր հովտաշուշան

Naira Hambardzumyan

Ես բառ եմ դարձել - Կարմիր հովտաշուշան

Էլ.փոստ Տպել PDF
Ես բառ եմ դարձել
Ազատության ձեռքը
1-ը մարտի
Կարմիր հովտաշուշան
Կոլաժ
Պար ձյան վրա
Մահը
Քար կամ հավերժություն
All Pages


Կարմիր հովտաշուշան
Որպես հսկա, քաղցկեղածին օրգանիզմ`
Բնազդի հնացած թևկապով,
Մի թեթև, միակերպ պարոդիա
Մաշտոցի պողոտայում`
Երազի ճերմակ գլխաշոր հագած
Հանուն ստրկության...

Արվարձանները զարթնել են,
Աղջամուղջի դեռ չցրված խավարում:
Քնաթաթախ մեքենաները հորանջում են
Եվ որոնում սուրճի բաժակը:

Վերևում երկինք է, երկինք, երկինք,
Երևի դրախտը դա է,
Վերևում յոթ դեղին խնկածաղիկ,
Յոթ երկար ճանապարհ,
Հասակավոր ամառ, որի բոցե լեզուն
Վազում է մեր երակների միջով`
Սնելով հասունացած բոռերի
Մի ամբողջ երամակ:

Ե'ս եմ, ե'ս, ե'ս ու կրկի'ն ես,
Ի ՞ նչն է ստիպում ինձ սիրել միայն
Մի' տղամարդու
Եվ ոչ բոլորին:
Այլ կերպ` ինչպե ՞ ս սիրել:

Այդպես,
Հեզությունը ծաղիկների
Վտանգվում է ամռան հոսքում
Դաշտամկան վազվզոցից:

Այդպես,
Սերմի` արգանդ ձգվող ճանապարհին
Բնությունը ստրկություն չի ճանաչում:

Այդպես,
Ժամանակը չի սկսվում, չի ավարտվում
Պառաված շան մորթի վրա,
Որ մաքսատան աշխատողին
Վախից` արծաթ է <<պահ>> տալիս:

Աշխարհի վերքի մեջ խրված`
Մի զույգ ճերմակ մագիլներ
Հիսուն նահանգների երկրից
Ծծմբադեղնավուն մեղրաբլիթներ է առաքում
Ապրանքագնացքների անիվների տակ
Ճռռացող լաբիրինթոսին,
Որի կարմրադարչնագույն երախից միշտ էլ
Ինչ-որ լպրծուն հեղուկ է ծորում`
Մինչ քաղցած ստամոքսի մեջ
Մի պատառ շպրտելը:

Դրանք Ամանորի գիշերվա նվիրական
Երազներ են գուցե,
Որ գրում ենք Կաղանդ պապին
Եվ գցում վառարանի մոտ կախված
Գուլպաների երախը,
Մինչդեռ դրսում
Ձյունը գորշ է
Երազների անմաքըր շնչառությունից...
Իսկ աչքերիս խորքում
Մի անվերջավոր լուսին
Ամառվա կարմիր կեռասներն է հասունացնում:

<<Սիրիր մերձավորիդ>>-ը չպատճառաբանված է մնում`
Ինչու ՞, Ինչպե՞ս:
Ստիպված օղակաձև մի պտույտ ես գծում
Քո և մերձավորներիդ միջև,
Որովհետև զոհաբերվում ես ամեն օր,
Ամեն ժամ` ջղաձգվում,
Որպեսզի ապրես:

Ամառվա ցուրտը խայթում է
Նույն ձեռքիս
Նույն ափը,
Այս ե՞րբ արմատները իմ ոտնահետքերի
Այսքան խորացան,
Տե’ր դու’ առաջնորդիր,
Զոհաբերման եղջերափողի գալարաձայնը
Դեպի ցողունը կանաչ,
Գուցե՞, մենք այնտեղ վաղուց կայի՞նք:

Բաղրամյան փողոցի լուսանկարիչը
Անհուշարձան, կլորաթուշ, դդմագույն
Դեմքերով պոետների պատկերներն է <<քաշում>>:
Եվ թռչունի պես զգոն`
Անհետացման հազարաբույր ստրկությունն է գրանցում,
Եվ չոր ավազանում լողացող
Ձկան պես
Լուսնալույսի տակ բերանն է բացխփում`
Աչքը` սիրամարգի փետուրներին:


***
Իսկ երկրաբնակ ժամացույցին
Ես ծանոթացա երեկ գիշեր,
Երբ կոշիկներս իրենք իրենց
Լույսից էլ երկար
Ճանապարհ անցան:

Ես դաշինք կնքեցի
Ազատության հետ
Մինչև որ հեռաստանները բոլոր
Կրունկներիս արձագանքը լսեցին`
Դեպի <<բարձրը>> ընթանալիս:
Նույն հյութն ու նույն արմատն ունեն
Աշխարհի բոլոր կանայք`
Մինչև ձևավորումը սաղմի,
Մինչև խլրտոցը կրծքի տակ,
Մինչև երկրաբնակ ժամացույցի
Պահածոյացված ավազը`
Քարին մանուշակի քնքշություն
Հաղորդելու համար…


***
Անմեղության ու մեղքի խարույկում պարելիս
Քաջություն որտեղի՞ց…
Ձյան փաթիլը` գորշ ու խունացած,
Իր մահկանացուն կնքեց
Գետի ճանապարհում:
Հոգիս դեպի վեր է մղվում,
Եվ թռչունը գիշեր ու զօր
Իր մարմինն է ծեծում
Բանտարկության փոշիացնող միջնաբերդում…
Ու մի տերև` քո աչքերի մեջ
Պարզապես ստիպում է գրել,
Եվ լսել ձևավորվող քարի
Մարմնեղ խոնջանքը:
Անձրևի հետ թափվող տեսիլքի պես
Լուծվում է հողի խոնավությունը,
Որ երեկ դեռ
Ապրում էր ձեռքերիս դողով…
Աառը երգեց իմ մեջ այնպես,
Որպես ծաղիկն այս`
Կրծքիս նիրհած…


***
Առավոտյան ,
Երբ սուրճ եմ խմում,
Երեկեյան հոգսերից
Լվացվող երկնքի փեշից
Ծիծեռնակների
Մի պարս է կախվում
Արթնացումի երգով սնելու
Աշխարհի տաք երակները…
Հետո ցնցվում են
Բարակավիզ խոտերը,
Եվ մեղուների,
Բզեզների
Ու ճանճերի համար
Փոքրիկ խառնաշփոթ է ստեղծվում`
Տերևների երգին հյուսված`
Ծիծեռնակները նախաճաշում են…

Ես ավարտում եմ
Սրճխմությունս,
Ժամը 7-ն անց է 30:


***
Ես խորհել եմ քամիների, տերևների
Ու ծառերի մասին:
Ես խորհել եմ լեռների, քարերի
Ու ճանապարհների մասին:

Ես խորհել եմ մարդկանց մասին,
Հանդիպումների ու նվաճումների,
Հրաժեշտների մաին:
Ես խորհել եմ երազների մասին,
Հորիզոնում ճախրող մայրամուտների
Եվ արևից թահվող
Առավոտների մասին:

Ես աստղերի մասին եմ խարհել,
Միայնակ, գիսավոր աստղերի
Ժպիտների ու արտասուքների
Մասին եմ խորհել:

Մի բուռ ձյուն տուր
Նվաճման օրենքի
Չգրված քաղաքականությամբ.
Գուցե, օրն այս, խորհել չտա՞...


***
ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Գիշերային լույսերով վերածնված,
Կեղտոտ ուրվագծիդ մեկնած ափի մեջ,
Մերկացնելով դեղին ատամնաշարը,
Ժողովրդի զարկերակն է բռնում Մսագործը,
Բենզին լցնողը, Ցորեն բերողը,
Օդային բոլոր փոխադրամիջոցները,
Բոլոր <<Թել>>-երի,
Բոլոր <<Ք>>-ենդիների տերերը:

ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Գիշերային ակումբներում
Անողնաշար քրքիջով պարում է
Կիսամերկ ջահելությունը,
Հպարտ, որ կարող է վճարել
Ափի մեջ դրվող ափիոնի համար,
Բայց և մոլորված,
Որ կողոսկրից իր
Այլևս,
Նոր մարդ չի ծնվի...

ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Փոշուց չորացած դեմքով,
Վաճառվող երեխաների
Ու գիշերային թիթեռնիկների
Մեղքի գլխարկավոր բեռներով,
Թո`ւյլ տուր նայեմ մարդասպանիդ
<<Լուսավոր>> աչքերին,
Որ իր գործին հլու` Որովայնն է պատռում ՄԵՆՔ-ի

ՆԱՎԱՀԱՆԳԻ'ՍՏ,
ՔԱՂԱ'Ք իմ,
Երգերի, երազների անհոգ մի օրրան,
Թո`ւյլ տուր,
Դիմավորեմ
Այգաբացը քո:

Մեկնաբանել


Պաշտպանիչ կոդ
Վերբեռնել


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ