Ես բառ եմ դարձել |
Ազատության ձեռքը |
1-ը մարտի |
Կարմիր հովտաշուշան |
Կոլաժ |
Պար ձյան վրա |
Մահը |
Քար կամ հավերժություն |
All Pages |
Ջրերի պարզության մեջ ցամաքելու տագնապ կա
Այս տագնապը տեսնելն է դարձնում բանաստեղծ, այս անմիջականությունից են ասում` թագավորը մերկ է, որովհետև կյանքը սկսվում է ոչ թե փաստերի, լուրերի հերթականությամբ ու գծում վախճան մարդու հետ,այլ կյանքը տեսնվում-ապրվում է և չի́ ապրվում, եթե բանաստեղծ չես: Շարժումը ոչ թե մարդու կողքին է, այլ հենց մարդու մեջ, որտեղ կյանքն է և բանաստեղծությունը:
Քիչ հոգիներ են գրի մացառներում առյուծի պես քայլում, սակայն այնտեղից առյուծի առյուծաքայլության վարակը կլանում է, հետը տանում, որովհետև նրանք գոնե ողջ ժամանակաշրջաններ են, դրա համար էլ կլանվողները թե́ առաջ են նայում, թե́ ետ` մինչև իմաստություն, որ միմիայն կյանքով է, ապրելով:
Նաիրա Համբարձումյանը` շնորհալի երիտասարդ, գոնե իր այո-ն ու ոչ-ը ասելու փորձն արդեն ունի. Կյանքում ամեն ինչին չէ, որ կասի` այո, եղիցի ոչ էլ` կասի` ոչ, կյանքին պետք չի, ապրենք: Այժմ գրին նայում է իբրև այս այո-ն ու ոչ-ը ասելու որոնումով, որպեսզի մի օր էլ իրեն տեսանելի կյանքին ասի` այո: Հավասարապես, բայց քիչ տեսնելով կյանքի այո-ներն ու ոչ-երը` առավել հաստատուն, վճռական այդ ոչ-երը տեսնելու կամքում է (թեև գիրն արդեն ունի դրանք հավասարապես տեսնելու հանդարտությունը):
Շնորհալի այս աղջիկը ձեռք է զարկել կրակին, շուտով կամ չգիտեմ երբ, իսկապես, որ բուն ասելիքը կկարողանա ասել, քանզի կյանքը այդ ասելիքներով է կայուն:
Կյանքը գտածի նրա վստահությամբ` կյանքը միայն ու հատկապես պոեզիա է. Անշուշտ, դեռևս կանցնի կասկածների տարիքը. Պոեզիան այդ տարիքից կլինի:
Վարուժան Այվազյան
***
Վաճառվում է,
Անօգնական և լքված մի խաղալիք,
Որ հնոցի թրծող քուրայից անջատվեց
Առանց սիրո
Սառած, ապակե աչքերով,
Վերջին կանգառը կորցրած
Մանկության սոսկալի երազի նման
Անընդհատ վերուվարում է այս Ցեցը,
Վե'րջ,
Այսուհե'տ,
Ապրելու հնարավորությունը տրվում է միայն
Խաշնարած-տնակյաց գավառացի նաիրուհիներին,
Եվ որպես շտապօգնության մեքենա`
Ուշանում է կյանքը,
Որովհետև Մեծ Արջի համաստեղության
Ծանր թաթը
Մղձավանջի պես մի հետք թողեց
Բիբլիական լուսնի
Միամիտ դեմքին,
Եվ մինչ դագաղագործի այցը`
Կյանքի ցուցանակին գրեցի`
<<Երևան-Լուսին>> մայրուղու
Երկնաքարերից տուն են կառուցում,
Վաճառվում են աստղերը
Որպես անպետք խաղալիք,
Գալակտիկաները
Տրվում են վարձով...>>: